Սիրելի Դու, ես գրում եմ այս նամակն ի վկայություն այն բանի, որ Քեզ սիրում եմ ու ամեն օր մտածում եմ հոգիս պատած այդ զգացմունքի մասին: Կարծում ես՝ դա արդա՞ր է և սա էլ այն պայմաններում, երբ Դու ջանք էլ չես գործադրում նույնիսկ ինձ հիշել:
Ես այնքան ինքնավստահ ու համարձակ չեմ, որ այս նամակը հասցնեմ Քեզ, առավել ևս կանգնեմ Քո առջև ու ասեմ այն, ինչ կա հոգումս, բայց այնքան էլ ինքնամփոփ չեմ, որ թղթին էլ չհանձնեմ մտքերս:
Ես Քեզ սիրում եմ ու շատ կուզենայի իմանալ` Դու ինչ կմտածես այդ մասին, եթե մի օր հանկարծ գլխի ընկնես, քանի որ ես, ավաղ, այնքան էլ լավ դերասան չեմ, բայց, միևնույն ժամանակ, այնքան էլ հիմար չեմ, որ ամեն ինչ բացեիբաց ցույց տամ:
Ինձ համար հաճելի կլիներ Քեզ, ով իմ սեր, առավել մոտիկից ճանաչել, իմանալ` ինչ ես Դու ամենաշատը կյանքում սիրում կամ ատում, ինչից ես ոգեշնչվում, ինչից ընկճվում, ինչ ես երազում, ինչից ես վախենում կամ զվարճանում: Բայց, ափսոս, որ երևի այդ հնարավորությունը երբեք էլ չեմ ունենա ու գուցե ինչ-որ մի պահի էլ նախանձով կնայեմ Քեզ ու Նրան, ում հասու կլինեն մտքերդ, համոզմունքներդ ու զգացմունքներդ:
Ուզում եմ իմանաս, որ ես երբեք չեմ փաթաթի այս սերը քո ուսերին, այն, ինչ զգում եմ, Քեզ հետ կապ չունի, քանի որ այն ԻՄ զգացմունքն է:
Ուզում եմ նաև իմանաս, որ ես ինձ բավականաչափ սիրում եմ, ու դա ինձ կօգնի, որ Քեզ մոռանամ և որքան հնարավոր է շուտ:
Բայց անկախ իմ սիրո անփոխադարձությունից ու այն բարկությունից, որ զգում եմ անսահման սիրո հետ միասին, ուզում եմ իմանաս, որ գեղեցիկ է սիրել ու սիրել հենց Քեզ, քանզի Դու արժանի ես այդ սիրուն:
Հ. Գ. Ինչպես նկատեցիր, ով Դու, շատ հակասական էի, գուցե սիրո պատրանքի մեջ եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել