«9 Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին՝ պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց,
10 մանավանդ՝ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծո իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայհոյելուց,
11 այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ:
12 Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնե որսի և մորթվելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝
13 որպես վարձատրություն իրենց անիրավության. սրանք օրը ցերեկով իրենց ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում. կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ՝ ձեզ խրախճանակից լինելով:
14 Աչքեր ունեն՝ պոռնկությամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ:
15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորվեցին՝ ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որն անիրավության վարձը սիրեց:
16 Եվ այդ՝ այն Բաղաամի, որն իր անօրինության համար հանդիմանություն ստացավ, երբ անխոս էշը, մարդկային լեզվով խոսելով, արգելք եղավ մարգարեին՝ կատարելու այդ անօրինությունը:
17 Սրանք ցամաքած աղբյուրներ են և մրրիկից քշված մառախուղներ. խավարի աղջամուղջները հավիտյան նրանց համար են պահված.
18 քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից:
19 Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է.
20 որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն-մնան, նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը.
21 քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և հետ կանգնեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդվեց նրանց:
22 Նրանց հարմար է գալիս այն իմաստուն, ճշմարիտ առածը, թե՝ «Շունը վերստին դառնում է իր փսխածին», և թե՝ «Լվացված խոզը վերստին թավալվում է տիղմի մեջ» (Պետրոս առաքյալի Բ թուղթը 2.9-22):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/1200415186688425?notif_t=close_friend_activity¬if_id=1472100505221279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել