Մեր հասարակությունը մեծամասամբ սնվում է չստուգված և ոչ մասնագիտական մոտեցմամբ տրամադրված տեղեկատվությամբ, և թերևս դա է պատճառը, որ հասարակության շրջանում ձևավորվում են թյուր կարծիքներ տարատեսակ հարցերի վերաբերյալ։ Բացառություն չէր նաև վերջերս մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ձևավորված թյուր կարծիքը դրանց օրինական լինելու վերաբերյալ՝ որպես միջազգային փաստաթղթերում ամրագրված «զինված ապստամբության իրավունքի» իրականացում, որն առաջ քաշվեց մի շարք իրավապաշտպանների կողմից։
Ձևավորված կարծիքի անիրավացիությունը հիմնավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հղում կատարել այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ենթադրաբար ամրագրված է զինված ապստամբության իրավունքը։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք պարտավոր են ճանաչել ու պահպանել փաստաթուղթը ստորագրած անդամ պետությունների ժողովուրդները։ Բացի վերոգրյալ իրավունքներ և ազատություններ սահմանող հոդվածներից՝ հռչակագիրն ունի նաև Նախաբան, որում շարադրված է 1-30 հոդվածներում տեղ գտած իրավունքների և ազատությունների ճանաչման և պահպանման անհրաժեշտությունն անդամ պետությունների կողմից։ Այլ կերպ ասած, հռչակագիրը Նախաբանով սահմանում է, թե ինչու է անհրաժեշտ անդամ պետությունների կողմից հռչակագրով նախատեսված իրավունքների և ազատությունների ապահովումը։ Հռչակագրի Նախաբանում նշվում է, որ անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ։ Հենց այս պարբերությունն էլ հիմք է հանդիսացել մի շարք իրավապաշտպանների համար, որպեսզի վերջիններս խոսեն զինված ապստամբության իրավունքի մասին։
Նախ` անհրաժեշտ է նշել, որ հռչակագրով նախատեսված իրավունքները և ազատությունները շարադրված են 1-30 հոդվածներում, իսկ Նախաբանում արված ձևակերպումներն, ինչպես արդեն նշեցի, ընդամենը ցույց են տալիս այդ իրավունքների և ազատությունների պահպանման անհրաժեշտությունը։ Այսինքն, Նախաբանում ոչ մի իրավունք կամ ազատություն ամրագրված չէ։
Երկրորդ՝ հռչակագրի բնագիր լեզվում Նախաբանի նշված հատվածում օգտագործվում է «rebellion» բառը (հայերեն տեքստում՝ «ընդվզում»), որը մի շարք պետությունների ներպետական օրենսդրությամբ նախատեսված ոչ թե իրավունք, այլ քրեական հանցագործություն է, որը սահմանվում է որպես զենք վերցնելու միջոցով իշխանությունների դեմ պայքար, զինված ապստամբություն օրինական իշխանության դեմ կամ զինված դիմադրություն օրենքներին կամ օրինական գործընթացներին։
Միջազգային իրավունքի տեսության մեջ երբեմն արծարծվում է այն կարծիքը, որ «rebellion»-ը համարվում է ազգային ազատագրական պայքարի իրականացման ձև, որը շրջանառվում էր նաև «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների առնչությամբ։ Սակայն պետք է նշեմ, որ այն ևս թյուր կարծիքների շարքից է։ Այն պայքարի ձևը, որը համարվում է ազգային ազատագրական ունի մի շարք հատկանիշներ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում է միայն զինված պայքարը համարվում ազգային ազատագրական։ Մասնավորապես, եթե որևէ տարածքում ապրող ժողովուրդ միջազգային իրավունքի համաձայն օժտված է ինքնորոշման իրավունքով, սակայն այդ տարածքը տիրապետող պետությունը հրաժարվում է թույլատրել իրացնել այդ իրավունքը, ապա ժողովուրդը կարող է մղել ազգային ազատագրական պայքար, որպեսզի նրանց ինքնորոշման իրավունքը դրսևորվի գործնականում։ Այսինքն, որպեսզի որևէ ժողովրդի մղած պայքարը համարվի ազգային ազատագրական, անհրաժեշտ է, որ տվյալ ժողովուրդն օժտված լինի ինքնորոշման իրավունքով և պետությունը խոչընդոտի այդ իրավունքի իրացմանը։ Այս դեպքում ազգային ազատագրական պայքար մղելը ոչ թե իրավունք է, այլ հետևանք՝ պետության կողմից ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար։ Բացի դրանից, զինված խմբի կողմից իրականացվող պայքարը միջազգային իրավունքի հարթություն տեղափոխելու համար այն պետք է ճանաչվի երրորդ պետությունների կողմից որպես ազգային ազատագրական պայքար։ Վերոգրյալից հետևում է, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները բացարձակապես չեն տեղավորվում ազգային ազատագրական պայքարի հասկացության ներքո։
Ինչպես արդեն նշեցի, զինված ապստամբության կամ ազգային ազատագրական պայքարի իրավունք հասկացություններ միջազգային իրավունքում գոյություն չունեն։ Միջազգային իրավունքի դերն այս համատեքստում սահմանափակվում է բացառապես համապատասխան հատկանիշների առկայության դեպքում (ինքնորոշման իրավունք, երրորդ պետությունների կողմից ճանաչում և այլն) զինված պայքար իրականացնող անձանց միջազգային մարդասիրական իրավունքով օժտելով (1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիա, հոդված 3)։
Զինված ապստամբությունը ընթանում է ինքնիշխան պետության սահմաններում, որի շրջանակներում գործում է պետության բացառիկ իրավասությունը, եթե անգամ որևէ երրորդ պետություն այդ պայքարը ճանաչում է որպես ազգային ազատագրական։ Ուստի, ներպետական օրենսդրությանը համապատասխան՝ պետությունն ապստամբների գործողությունները կարող է համարել հանցագործություն, իսկ ապստամբներին՝ հանցագործներ։ Որևէ երրորդ պետության կողմից ցանկացած օգնություն ապստամբներին արգելվում է միջազգային սովորութային իրավունքի համաձայն, քանի որ դա համարվում է ապօրինի միջամտություն պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ուստի, միջազգային իրավունքը բացի նրանից, որ չի նախատեսում զինված ապստամբության իրավունքը, նաև որևէ կերպ չի պաշտպանում զինված ապստամբությունը։ Դեռ ավելին՝ աշխարհում համընդհանուր խաղաղություն պահպանելու կանխավարկածը գործում է հօգուտ պետության գործող իշխանության։
Երրորդ և հիշատակվող իրադարձությունների առնչությամբ տարածված թյուր կարծիքներից մեկն էլ այն է, թե խախտված իրավունքների վերականգնումը կարելի է իրականացնել բռության կամ զինված պայքարի միջոցով։ Այս մոտեցման վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ մարդու իրավունքների կոնցեպցիան ենթադրում է, որ թե՛ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում, թե՛ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում որևէ իրավունք չի կարող իրացվել կամ իրականացվել այլ անձանց իրավունքները խախտելու հաշվին։ Թե՛ միջազգային, թե՛ ներպետական իրավունքով թվարկվում են անձանց իրավունքների պաշտպանության եղանակները։ Իրավունքների պաշտպանությունը զենքով կամ բռնությամբ ոչ միայն նախատեսված չէ որպես իրավունքների պաշտպանության եղանակ, այլ նաև ուղղակիորեն հակասում է մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին, քանի որ դրանով վտանգի տակ է դրվում առնվազն այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, հասարակական, պետական անվտանգությունը։
Այսպիսով, միջազգային իրավունքի էությունից, որպես ընդհանուր կանոն, բխում է պետությունների ինքնիշխանության սկզբունքը, որը քննարկվող հարցի համատեքստում ենթադրում է ներպետական շրջանակներում տեղի ունեցող ցանկացած տեսակի գործընթացներին ներպետական իրավունքին համապատասխան լուծումներ տալը։ Որևէ պետության տարածքում տեղի ունեցող զինված ապստամբությունը, որը չի իրականացվում ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքն իրացնելու համար, որևէ աղերս չի կարող ունենալ միջազգային իրավունքի հետ (բացառությամբ՝ միջազգային մարդասիրական իրավունքի, որը ենթադրում է զինված ապստամբների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի դրսևորում), ոչ էլ կարող է համարվել որպես իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու եղանակ:
Իսկ այն հանգամանքը, որ հասարակության մեջ տարածում են գտնում այնպիսի ոչ մասնագիտական կարծիքներ, որոնք վերածվում են համատարած թյուրիմացությունների, փաստում է այն մասին, որ համապատասխան ոլորտի «մասնագետները» առաջնայնությունը տալիս են պատեհապաշտությանը և տրվում են քաղաքական բնույթի հայտարարություններ անելու գայթակղությանը և ոչ թե մասնագիտական գնահատականներ տալուն, ինչի արդյունքում, փաստորեն, հասարակությունը զրկվում է օբյեկտիվ իրականության հետ հաշվի նստելու հնարավորությունից։
Աստղիկ Մաթևոսյան