Վերին Լարսի անցակետը շատ մեծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար: Այդ անցակետով են իրականացվում Հայաստանի բեռնափոխադրումների մեծ մասը։
Հունիսի վերջում անցակետը ժամանակավորապես փակվեց և վերաբացվեց միայն հուլիսի առաջին կեսին: Այժմ անցակետը գործում է, սակայն գիշերը այն շարունակվում է փակ մնալ՝ դրանով իսկ ստեղծելով անհարմարություններ բեռնափոխադրողների համար:
Ստեղծված իրավիճակը չէր կարող չազդել տնտեսության վրա: Պատահական չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում հուլիսին արձանագրվել է տնտեսական ակտիվության 4,3 տոկոսանոց նվազում:
Բեռնափոխադրումների կաթվածահար եղած շրջանը, ինչպես նաև ներկայումս անցակետի ոչ լիարժեք աշխատանքը ուղակիորեն ազդել են արտաքին առևտրաշրջանառության վրա:
Առկա էին նաև ներքին խնդիրներ: Մասնավորապես Սասնա Ծռեր խմբավորման գործողությունների հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ հետաձգեցին իրենց ծրագրերը՝ դրանով իսկ լրացուցիչ խնդիրներ առաջացնելով տնտեսությունում:
Երկարաժամկետում խնդիրները հնարավոր է լուծել: Եթե Լարսի դեպքում խնդիր է դրված հնարավորինս ավելացնել բեռանփոխադրման ժամերը և վերականգնել ամբողջապես նախկին իրավիճակը, ապա ՊՊԾ-ի դեպքում իրավիճակը այլ է: Պետք է հնարավորինս բարելավել պետության հեղինակությունը անվտանգության ոլորտում, հակառակ պարագայում զինված խմբի տղաների քայլերը կարող են նպաստել տուրիզմի և ներդրումային շուկայի վատթարացմանը: