Չգիտեմ, թե ինչու են մեր լրատվամիջոցները մեկի թունոտ գրածն իբրև բացարձակ ճշմարտություն ընդունում և ավելին` ջանադրաբար տարածում այն: Հերթական գայթակղիչ առիթը` քար նետելու Հայ Եկեղեցու վրա, Մայր Աթոռի նոր բարեկարգ, ժամանակակից ավտոկանգառն է: Վերջինիս պահպանության համար նրանից օգտվողների համար սահմանվել է նաև վճար: 10 րոպե կայանումն անվճար, այնուհետև յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամ: Իսկ չարչրկվող 1500 դրամը սահմանված վճարվելիք միանվագ գումարն է այն պարագաներում, երբ կայանման կտրոնը փոխադրամիջոց վարողը կորցրել է և չի կարող ներկայացնել: Գոյացող գումարները, սիրելիներ, ինչպես և մոմավաճառությունից, գրավաճառությունից առաջացած եկամուտները ծառայում են միմիայն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելության` սրբավայրերի պահպանության, քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրերի իրագործմանը: Նկատեք՝ ձեր վճարումը մի նվիրատվություն և փոքրիկ աջակցություն է այդ առաքելությանը: Գիտենալով հանդերձ, որ դա մի կաթիլ էլ չի կատարվող գործունեության և կարիքների հսկայական ծավալի մեջ, մի զլացեք այդ գիտակցությամբ կատարել ձեր ընծայաբերումը, որովհետև այդ գիտակցության դրսևորումն է, որ հրաշքներ է գործում և ծնում մերօրյա բարերարներին: Եղեք այդպիսիններից մեկը, տրտնջալու, բողոքելու և քարկոծելու փոխարեն կանգնեք ձեր Եկեղեցու կողքին: Իսկ մնացյալ մեղադրանքները, շինծու պատմությունները պարզապես ֆանտաստիկայի ժանրից են, անձնական վիրավորանքներ հասցնելը` ամոթալի մի երևույթ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/490151391048145
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել