ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (22 օգոստոս 2016թ.)
Եղբայրնե՛ր իմ, ի՞նչ օգուտ այն մարդուն, որ ասում է, թե հավատ ունի, երբ հավատն արտահայտող գործեր չունի։ Մի՞թե այդպիսի հավատը կարող է փրկել նրան։ Ենթադրենք, որ կիսամերկ և օրվա հացի կարոտ մի եղբայր կամ քույր դիմեց ձեզ։ Եթե ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք, Աստված ձեզ հետ լինի, տաքացե՛ք և կշտացե՛ք», և նրանց մարմնի համար անհրաժեշտ զգեստը կամ ուտելիքը չտա, ի՞նչ օգուտ ունի։ Նույնպես էլ հավատն առանձին, առանց գործերի, մեռած է։
Թերևս մեկն առարկի՝ ասելով. «Մարդ կա, որ հավատ ունի, մարդ էլ կա, որ գործեր ունի»։ Այդպիսի մեկին ես կպատասխանեմ. «Եթե կարող ես, ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի։ Իսկ ես իմ գործերո՛վ կարող եմ քեզ ցույց տալ իմ հավատը»։ Դու հավատում ես, որ մե՛կ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում։ Բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում։ Ուրեմն հասկացի՛ր, անմի՛տ մարդ, որ առանց գործերի հավատն անօգուտ է։
Աբրահամը՝ մեր նախահայրը, իր գործերով չարդարացա՞վ, երբ իր որդուն՝ Իսահակին, զոհասեղան բարձրացրեց զոհ մատուցելու համար։ Տեսնո՞մ ես, որ հավատը զուգակցեց նրա գործերին, և գործերով էլ նրա հավատը հասավ իր կատարելությանը։ Այսպես կատարվեց այն, ինչ Ծննդոց գիրքն ասում է. թե՝ «Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ հավատի համար էլ Աստված արդար համարեց նրան», և Աբրահամը Աստծուն բարեկամ կոչվեց։ Տեսնո՞ւմ եք, որ մարդ իր գործերով է արդարանում և ոչ թե միայն հավատով։
Նույնը չէ՞ պոռնիկ Ռախաբի դեպքը. նա էլ իր գործերով արդարացավ, երբ իսրայելացի լրտեսներին հյուրընկալեց իր տանը և օգնեց նրանց, որ փախչեն այլ ճանապարհով։
Հետևաբար, ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի։
(Հակոբոս առաքյալի նամակը 2:14-26)