Զարմանում եմ...
Մի կնոջ հետ էի խոսում, որ ահավոր հիասթափված էր տղամարդու բացբերանությունից: Գաղտնիք էր վստահել մի այսպես կոչված ընկերոջ, որն էլ դա պարտաճանաչորեն պատմել էր հենց նրան, ումից որ այդ կինը կցանկանար թաքցնել տեղեկությունը: Ի՞նչ է սա՝ դավաճանությո՞ւն, թեթևամտությո՞ւն, վրեժխնդրությո՞ւն, չարությո՞ւն, թե՞ կնիկմարդություն: Նույնիսկ կինը, որ ի սկզբանե, չգիտես ինչու, համարվում է բացբերան, նման բան չէր անի: Հնարավոր է պատմեր ընկերուհուն, հարևանուհուն, բայց ոչ հենց նրան, ումից դա խնամքով թաքցվել է...
Չեմ հասկանում, չեմ հաս-կա-նում, տղամարդիկ, էս «մանրացե՞լ» եք: Ո՞նց եք հանդուրժում, որ էդպիսիները ձեզ հետ հավասար տղամարդ են կոչվում: Գիտեմ, հիմա կասեք՝ բայց մենք ի՞նչ անենք, դուք հասկացեք՝ ում հետ եք կիսվում, մարդ էլ կա, մարդ էլ: Բա մե՞նք ինչ անենք, հո ամեն մեկի բախտը չի բերում, որ նորմալ ՏՂԱմարդու հանդիպեն: Գալիս է մեկը, Աստծուց տրված արական արտաքինով, մենք էլ մտածում ենք, թե ըհը տղամարդ է, նշանակում է վստահել, ուսին հենվել կարելի է, մեկ էլ առը հա, մի այնպիսի քայլ կանեն, որ ամենացածր կնկան կտան-կանցնեն: («Կին» և «կնիկ» բառերն ինձ համար ծայրահեղ հակառակ նշանակություն ունեն, սա ընդգծեմ ի միջի այլոց):
Չեմ կարող զուգահեռ չտանել: Տարիներ առաջ իմ կյանքում մի թյուրիմացություն եղավ, ինձ մեղադրում էին այն քայլի մեջ, որը ես չէի արել, բայց, քանի որ խոսք էի տվել գաղտնիք չբացելու, գերադասեցի պախարակվելը, քան ուրիշին մատնելը: Ճիշտ է, տարիներ են անցնել, ես իմ այդ ապրումները չեմ մոռացել, բայց էականը դա չէ, այլ այն, որ երբ ես այդ «քարաբաղնիսից» տխուր, լացած դուրս եկա, պատի տակ կանգնած ինձ սպասում էր ոչ հետերո ուղղվածության մի ընկեր, ով ուղեկցեց տուն, զրուցեց հետս, օգնեց սթափվել: Այդ երեկոն երբեք չեմ մոռանա: Այդ ժամանակ էր, որ հասկացա, մարդու հոգին ու ներքին աշխարհն են կարևոր, այլ ոչ թե այն, թե ում հետ են անկողին կիսում: Դավադրաբար վերոնշյալ կնոջը մատնածը հետերո է, բայց իմ աչքին իսկական ... է:
Հ.Գ. Ներեցեք, որ այսքան կոշտ գրեցի: Ինձ էլ են ցավեցրել ոչ կարգին մարդիկ: Աշխատել եմ ուղղակի աչք փակել, մտածել եմ՝ հիմար էի` նեղացրին: Բայց հիմա, երբ տեսնում եմ, որ դա արդեն համատարած, սովորական դարձող բան է, չեմ դիմանում, ասում եմ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/522183334471615
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել