Հիշեցե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, որ պետք է լինեք ավելի լսող, քան թե խոսող։ Հեշտությամբ մի՛ բորբոքվեք։ Իմացե՛ք, որ մեր բարկանալով չենք կարող Աստծու արդար ծրագիրն իրականացնել։ Ուստի, թոթափեցե՛ք ձեզնից ամեն կեղտոտ սովորություն ու չար ցանկություն և հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Աստծու խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
Մի՛ գոհացեք այդ պատվիրանները լսելով, այլ կատարեցե՛ք դրանք, այլապես ինքներդ ձեզ խաբած կլինեք, որովհետև ով պարզապես լսում է պատվիրանը, բայց չի կատարում այն, նման է այն մարդուն, որ ուշադրությամբ ինքն իրեն դիտում է հայելու մեջ, բայց հազիվ հեռացած հայելուց՝ այլևս չի տեսնում իրեն և մոռանում է, թե ինչպիսի՛ն էր ինքը։ Մինչդեռ ով իր աչքերը հառում է Աստծու ազատարար և կատարյալ Օրենքին ու դրա մեջ էլ հարատևում, նա լսելուց հետո չի մոռանում, այլ գործադրում է այն. այդպիսի մեկը երանելի կլինի օրենքը կատարելու համար։
Ով բարեպաշտ է համարում իրեն, և սակայն սանձ չի դնում իր լեզվին, նա խաբում է ինքն իրեն, որովհետև անօգուտ է նրա բարեպաշտությունը։ Հայր Աստծու համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:19-27)