Մանը հաւաքեց Արիներին եւ դիմեց նրանց.
- Սիրելի ազգակիցնե՛ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մօտից եմ գալիս եւ Վահագնի աստուածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստուածային Երկունք է լինելու, եւ ապա գալու է Վահագնը՝ փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՛ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք եւ Աստուածային Երկունքի կրակով կռենք մեր զօրութեան թուր-կեծակին: Գարնան առաջին Արեւով կը գայ Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, եւ մենք կը յաղթենք Չարի Տիտաններին եւ կ´ազատենք մեր Արարատը:
Սակայն չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճօճեցին վրան, հայհոյեցին, անհաւատ եւ անհնազանդ անուանեցին: Յետոյ սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
Մանը մնաց միայնակ: Եւ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարուածները արձագանք էին տալիս լեռնաստանով մէկ: Նա շտապում էր` շուտով սկսուելու էր Աստուածային Երկունքը, եւ ինքը պէտք է պատրաստ լինէր:
Մանի բրիչի հարուածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների հետաքրքրասիրութիւնը: Ամբոխը հաւաքւում էր Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաեւ քարեր շպրտում նրա վրայ: Բայց ամէնին անյաղորդ, Մանը յամառօրէն շարունակում էր պեղել:
Մանի այդ ինքնավստահ յամառութիւնը ճնշում էր ամբոխի վրայ: Ամբոխը սսկւում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկիւղալի զգուշաւորութեան: Արիներն այլեւս չէին ծաղրում Մանին, քար չէին նետում նրա վրայ. մի ներքին երկիւղով նահանջում էին ու հեռուից դիտում էին Մանին, առանց հասկանալու, թէ ինչ է անում: Միայն ներքին զգացողութեամբ կռահում էին, որ մի շատ ահաւոր բան է նիւթում: Եւ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճւում էին Մանի զօրութեան առջեւ:
Մանը իր մէջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղուած հազար ու մի գանձերը բազմագոյն ճառագում էին առաւօտեան արեւի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
Հեռւում, շատ հեռւում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, եւ հիւթը ծորում էր ներքեւ: Հասկացաւ Մանը, որ Երկունքը սկսւում է: Նա դիմեց հաւաքուած ամբոխին, որ երկիւղից չէր յանդգնում մօտենալ նրան:
- Արինե՛ր,- կանչեց Մանը,- նայե՛ք երկինք, Աստուածային Երկունքն է սկսւում, մեր զօրութեան արշալոյսն է բացւում:
Արիները նայեցին երկինք եւ սարսափած վայնասուն բարձրացրին.
- Աստծոյ պատի՜ժն է սա, Մանի կատարած ահաւոր մեղքի համար Վիշապ Աստուածը պատժում է բոլորիս. սա աշխարհի վե՜րջն է...
Եւ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
Դրսում սկսուել էր Աստուածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խաւարի մէջ յուսահատ աղօթում էին:
Աստուածային Երկունք էր:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից եւ ծիրանագոյն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղէգն էր երկնում: Եղէգան փողից ծուխ էր ելանում, եղէգան փողից բոց էր ելանում` հուր աստուածային, երկինք էր ձգւում, հասնում արեւին եւ միահիւսւում արեւի բոցին: Արեւը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակնէր իրար էին խաչւում` յօշոտում երկնի կապոյտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերեւ: Երկունքի ցաւից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատւում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից` հրաբուխ ժայթքում, եւ հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրայ: Երկո՜ւնք էր, Երկո՜ւնք Աստուածային:
Սարսափած Արիները փակուած էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Մանին, անիծում էին Երկունքը, որպէս չարագուշակ նախախնամութիւն: Ծնկի իջած, աղօթում էին Վիշապին, որ պատժի Մանին, ոչնչացնի նրան եւ փրկի իրենց:
Բայց անզօր էր Վիշապը Երկունքի զօրութիւնը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում, իր մօտալուտ մահը կանխազգալով:
Եւ միայն Արի Մանն էր ողջունում Աստուածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղէգան փողից ժայթքող աստուածային կրակով իր ջահը վառեց: Եւ ջահը ձեռքին շրջում էր տնէ տուն, բախում էր դռները եւ կանչում.
- Հե՜յ, Արինե՛ր, բացե՛ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՜գն է ծնւում` փրկութեան Աստուա՛ծ: Դո՛ւրս եկէք, փայտե՛ր դիզէք, խարոյկնե՛ր վառէք աստուածային կրակով, Տրնդե՛զ սարքէք. թող աստուածային կրակով բացուեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծուե՛ք այս աստուածային կրակով եւ վերականգնե՛ք ձեր մէջ աստուածային զօրութիւնը:
Շատ քիչ դռներ բացուեցին: Միայն զօրաւորները յանդգնեցին նայել աստուածային կրակին: Խարոյկներ սարքեցին ու վառեցին աստուածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դէմքերին, եւ նրանց միջից բոլորովին չքացաւ սարսափը, զօրացան նրանք եւ իրենց աստուածներ զգացին: Պար էին բռնում տրնդէզուած կրակի շուրջ, ձօներգեր էին հիւսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահէլ հարսները, որ մայրանալու կարօտ ունէին, թռչում էին այդ աստուածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զաւակներ:
Իսկ Մանի ահեղ մուրճի հուժկու հարուածները արձագանքում էին ողջ Արարատում եւ Վիշապի գանգերի մէջ: Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդէզուած աստուածային կրակով եւ դարբնում էր իր թուր-կեծակին:
Շատ քիչ Արիներ` միայն նրանք, ովքեր օծուեցին տրնդէզուած աստուածային կրակով ու զօրացան, միայն նրանք միացան Մանին:
Քառասուն օր աստուածային կրակը տրնդէզուած պահպանւում էր, եւ քառասուն օր իրենց աստուածայնութիւնը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: Եւ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարուածները` Արի Մանը մի խումբ զօրացած Արիների հետ կռում էր փրկութեան աստուածային զէնքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել