Չգիտեմ՝ մարդիկ համաձա՞յն են, որ իրենց լրտեսեն։ Իսկ ինչու՞ ոչ, կամ ինչու՞ հակառակը, կամ ի՞նչ ունեն թաքցնելու, կամ եթե չթաքցնեն, դա ինչպես կարող է իրենց վնասել։ Օրինակ ֆեյսբուքը, որ լրտեսում է, և մարդիկ գնում ու ինքնակամ գրանցվում են, որ լրտեսվեն։ Երեկ անցնում էի հոսքաշարովս, որը վերջին ժամանակներս չէի բացում, ու նայելու բան էլ առանձնապես չկա, քանի որ կարճ ու աղքատիկ հոսքաշար է իմը՝ պայմանավորված ընկերներիս համեմատաբար փոքր քանակով ու վերջիներիս ինձնից բեթար պասիվությամբ, բայց այնուամենայնիվ, անցնում էի երեկ, ու՝ ֆեյսբուքը ֆիքսել էր, որ էսինչ էսինչյանը /մեկը ծանոթներիցս/ հենց նոր կարդաց հոդված "15 թոփ աշխատանքները, որոնց դեպքում ամուսնալուծության կարգանիշը բարձր է"։ Փաստորեն ես, նստած, ավելի ճիշտ կիսապառկած իմ անկողնում, տանը, երեկոյան, շատ օպերատիվ գլուխս է մտնում արդեն, որ ինձնից մի 20 կիլոմետր հեռու ապրող այսինչը այդպիսի մի բան է արել, և, կապելով մեր մի քանի փոքր, թեթև զրույցների ժամանակ իր մի քանի աննշան ակնարկներին, այդ ակնարկներն արդեն նշանավորվում են ու բերում եզրահանգումների։ Ու չի բացառվում, որ հիմա ես իր մասին՝ իր շատ գաղտնի ներքին պրոցեսների մասին, գիտեմ ավելի, քան որևէ ուրիշ մեկը, ու որ հարց է ՝ նա կցանկանա՞ր, որ որևէ մեկն այդքան իմանար…
Կամ եթե ոչ, ինչու՞։
Հ.Գ.
Էս անձրևն էլ արդեն դարձրել է իրեն սովորություն :))



