1.3% գնանկման հետևանքները
ՀՀ ԿԲ խորհրդի գնահատումներով, առաջին կիսամյակում մեր երկրում եղել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն։ Փաստացի այն կազմեց 4,8 տոկոս, ինչը 1 տոկոսով գերազանցեց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։
Տնտեսական ակտիվությունը կենտրոնական դրամատան խորհրդի կարծիքով հիմնականում պայմանավորված է առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանող հատվածի դրական զարգացումներով։ Ինչպես գիտենք, առաջին կիսամյակում արտահանումը գերազանցեց 16,7տոկոսը՝ հասնելով շուրջ 815 մլն դոլարի։ Արտաքին շուկաներ արտահանվեց 117 մլն դոլարով ավել ապրանք։
Այսօրինակ զարգացումների և ցածր գնաճային միջավայրի պայմաններում (Հայաստանում ոչ միայն գնաճ չի եղել, այլև գրանցվել է 1,3 տոկոսանոց գնանկում) ԿԲ-ն շարունակում է զգուշորեն նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով էժանացնել տնտեսության մեջ մտնող փողը։ Այս անգամ վեաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0,25 տոկոսով՝ սահմանվելով 7,25 տոկոս։ Այսպիսով իրականացվում է փողի դանդաղ էժանացում և դրանով ստեղծվում է տնտեսության ակտիվացման նախադրյալներ, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի գնահատումներով, առաջին կիսամյակում գերազանցել են սպասելիքները։