Եղբայրնե՛ր, դուք ձեզ շատ երջանիկ համարեցեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք։ Իմացե՛ք, որ փորձությունը համբերություն է ծնում, եթե ձեր հավատը փորձությանը դիմանա։ Իսկ համբերություն պետք է ունենալ մինչև վերջ, որպեսզի ամբողջական ու կատարյալ լինեք, և ձեզ ոչ մի բան չպակասի։
Եթե ձեզնից մեկն զգում է, թե անհրաժեշտ իմաստությունը չունի, թող խնդրի Աստծուց, որ բոլորին տալիս է առատորեն և սիրահոժար կերպով, և Աստված կտա նրան։ Բայց թող խնդրի հավատո՛վ, առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը նման է ծովի ալիքներին, որոնք շարժվում ու տարուբերվում են հողմերից։ Այդպիսի մարդը թող չակնկալի, որ Տերը կտա իր խնդրածը, որովհետև երկմիտ մարդն անհաստատ է իր արած բոլոր քայլերում։
Աղքատ եղբայրը թող ուրախ լինի, երբ Աստված բարձրացնում է նրան։ Հարուստ եղողն էլ թող ուրախ լինի, երբ Աստված խոնարհեցնում է նրան, որովհետև հարստությունը նման է վաղանցուկ վայրի ծաղկի։ Ինչպես որ ծագող արևն իր այրող տաքությամբ չորացնում է խոտը, և նրա ծաղիկը թափվում է, ու նրա գեղեցկությունն էլ կորչում է, այնպես էլ մեծահարուստը պիտի թառամի իր գործերի հետ։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:2-11)