Քաղաքական ու հասարակական անցուդարձի զարգացումների ֆոնին մասնագիտականն ու ազգային ազատագրականը կարծես խառնվել են իրար: Պաթոսի չափաբաժինը բավականին մեծացել է: Չգիտեմ սա որքանո՞վ է վատ կամ լավ, բայց փաստը մնում է փաստ, որ ինչ որ բան այն չէ:
Ընդհանրապես չեմ կարողանում տրամաբանել, թե «Սասնա ծռերի» տղաների փաստաբանների մոտ այս ի՞նչ ֆիդայական պոռթկումներ են նկատվում: Այսօր Արարատ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարան էր եկել հարյուրավոր քաղաքացիների ստորագրություններով և լրագրողներին ասել էր, որ դատարանում կա մտավախություն, որ Խանդոյանը կարող է փախչել, իսկ ստորագրությունները հիմք են, որ ՀՀ քաղաքացիները երաշխավորում են՝ Միայնակ Գայլը փախուստի չի դիմի: Լրագրողների այն հարցին, թե քաղաքացիներն ինչ գիտեն՝ Խանդոյանը կփախչի, թե ոչ, փաստաբանը ասել է. «Այս մարդը, եթե թուրքից չփախավ, այսօր էլ չի փախչի»:
Սա արդեն կրկեսի գագաթնակետն է: Այս երիտասարադը գիտի Աղբյուր Սերոբի խոհարարն է: Մարդիկ մասնագիտական հարց են տալիս, փաստաբանն ազգային ֆիդայական առոգանությամբ փիլիսոփայություններ է հնչեցնում: Լրագրողների հարցերն ակնկալում են պատասխաններ իրավական հարթությունից, այլ ոչ թե Հայոց պատմության մութ էջերից:
Չեմ հասկանում, թե ինչից է, որ Սասնա ծռերի տղաների փաստաբաններն իրենց ուղված հարցերին ի պատասխան քիչ է մնում Գինի լիցը երգեն: