Սթափվեցե՛ք և արդար կյա՛նք ապրեցեք. մի՛ մեղանչեք։ Ձեզնից շատերն Աստծուն դեռ չեն ճանաչել։ Ասում եմ այս, որ ամաչեք։
Բայց մեկը կարող է հարց տալ. «Ինչպե՞ս են հարություն առնում մեռելները. Կամ ինչպիսի՞ մարմնով են գալու»։ Լսի՛ր, անմի՛տ։ Նախ՝ երբ սերմի մի հատիկ սերմանես, այդ հատիկը չի բուսնի, մինչև չմեռնի։ Եվ հետո, քո սերմանածը մի պարզ հատիկ է՝ ցորենի կամ ուրիշ սերմերի, և ոչ թե այն հասկը, որ ծլելու է։ Աստված այդ հատիկին մի մարմին է տալիս, ինչպես ինքն է կամենում, բայց սերմերից յուրաքանչյուրին իրեն հատուկ մարմին է տալիս։ Անշուշտ, ամեն մարմին նույնը չէ։ Մարդկանց մարմինն ուրիշ է, կենդանիների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինը՝ ուրիշ, ձկների մարմինը՝ ուրիշ։ Կան նաև երկնավոր մարմիններ ու երկրավոր մարմիններ, սակայն ուրիշ է երկնավոր մարմինների շքեղությունը, ուրիշ՝ երկրավոր մարմինների շքեղությունը։ Ուրիշ է արևի շքեղությունը, ուրիշ՝ լուսնի շքեղությունը, և ուրիշ՝ աստղերի շքեղությունը։ Եվ նույնիսկ որոշ աստղեր ավելի շքեղ են, քան մյուսները։
Ճիշտ այդպես էլ լինելու է նաև մեռելների հարությունը։ Մարմինը հողի մեջ է դրվում եղծանելի վիճակում և հարություն է առնում անեղծ. հողի մեջ է դրվում անարգ և հարություն է առնում՝ փառավոր, հողի մեջ է դրվում տկար և հարություն առնում՝ զորավոր. հողի մեջ է դրվում իբրև շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Ինչպես որ կա շնչավոր մարմին, այնպես էլ կա հոգևոր մարմին։ Սուրբ գրքում այսպես է գրված. «Առաջին մարդը՝ Ադամը, ստեղծվեց իբրև շնչավոր էակ», մինչդեռ երկրորդ Ադամը կենդանարար հոգի է։ Արդ, շնչավոր մարմինը նվազ կարևոր է, քան հոգևորը. դրա համար էլ նախ գալիս է շնչավորը և ապա՝ հոգևորը։ Առաջին մարդը երկրից էր և հողեղեն, մինչդեռ երկրորդ մարդը՝ մեր Տերը, երկնքից է։ Ինչպես հողեղենն էր, նույնպես էլ մենք ենք՝ բոլոր հողեղեններս, և ինչպես երկնավորն է, նույնպես էլ պիտի լինեն երկնավորները։ Այսինքն՝ ինչպես որ կրում ենք հողեղեն Ադամի պատկերը, այնպես էլ պիտի կրենք նաև երկնավոր Ադամի պատկերը։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 15:34-49)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1396403660386742?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1470905554656360
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել