Մի շաբաթ օր Հիսուսն անցնում էր ցորենի արտերի միջով։ Աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկեր պոկել և ուտել։ Փարիսեցիներն ասացին Հիսուսին.
-Տե՛ս, քո աշակերտներն ի՞նչ են անում շաբաթ օրով, մի բան, որ մեր Օրենքով արգելված է։
Հիսուսը պատասխանեց նրանց.
-Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ պետք էր ուտել, այսինքն՝ երբ ինքը և իր հետ եղողները քաղցած էին։ Աստծու տունը չմտա՞վ, երբ Աբիաթարը
քահանայապետ էր, չկերա՞վ առաջավորության հացերը և չտվե՞ց նաև իր հետ եղողներին, մի բան, որ ըստ Օրենքի միայն քահանաներին էր թույլատրված։ Ապա ավելացրեց.
-Շաբաթ օրը մարդու համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար։ Ուրեմն՝ Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է։
Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Շատերն սպասում էին՝ տեսնելու, թե Հիսուսը շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։ Հիսուսը չորացած ձեռքով մարդուն ասաց.
-Վե՛ր կաց և մեջտե՛ղ արի։
Ապա ասաց մյուսներին.
-Մեր Օրենքը շաբաթ օրով ի՞նչ է թույլատրում անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյանք փրկե՞լ, թե՞ կորցնել։
Եվ նրանք լուռ մնացին։ Ապա Հիսուսը վրդովված մի հայացք գցեց իր շուրջը գտնվողների վրա՝ ցավելով նրանց մտքի կուրության համար և ասաց մարդուն.
-Երկարի՛ր ձեռքդ։
Նա ձեռքը երկարեց, և ահա չորացած ձեռքն առողջացավ։
(Մարկոսի ավետարան 2:23-3:5)