Nyut.am-ը գրում է.
ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականի շարժառիթների ու պատճառների մասին արդեն գրվել է: Պաշտոնապես պատճառաբանվեց առողջական խնդիրներով, ինչպես խորհրդային ժամանակներում էր արվում: Հետո այն կապվեց ՊՆ-ում տնտեսական գործունեություն ծավալելու հետ:
Վերջինը մենք չենք հերքում, սակայն մեր աղբյուրը այլ տվյալներ էլ փոխանցեց:
Այսպես: Հուլիսի17-ին, երբ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գտնվում էր արձակուրդում:
Այդ ժամանակ նա հանգստանում էր հունական կղզիներից մեկում: Դեպքի մասին տեղեկանալուց հետո դատախազը հեռախոսով կապվել էր ղեկավարության հետ... և քաղաքական ու մարդկային առումով սխալ հարց էր տվել: Ամենայն հավանականությամբ, սա էլ ճակատագրական էր դատախազի կարիերայի համար:
Կոստանյանը, մեր տվյալներով, հարցրել էր, թե կարիք կա՞, որ ինքը ընդհատի հանգիստն ու վերադառնա Երևան, թե դեռ մնա այնտեղ: Սա կոպիտ սխալ էր նրա կողմից: Կոստանյանը պետք է անմիջապես ընդհատեր արձակուրդը և նույն օրը լիներ ՀՀ նախագահի կողքին: Կոստանյանի այդ հարցից հետո նրան ասել էին` ինքդ որոշիր, հանգստանաս, թե` գաս:
Իսկ Կոստանյանը Երևան էր ժամանել օրեր անց:
Դա նրա սխալն էր: