Հետևելով Էռնստ Կրաուսին
Ահա արդեն 25 տարի է, գուցե դրանից էլ ավելի, ինչ հայի ժամանակը դադարել է սովորականի պես գծայնորեն՝ անցյալից, ներկայով դեպի ապագա ընթանալ, այլ պտտական շարժում է կատարում: Մենք, ազգովի, հայտնվել ենք մի ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻ տախտակամածին, ուր շարժում կա, սակայն առաջխաղացում չկա, ուր առկա են ընթացքի բոլոր զգացողությունները, սակայն բացակայում է առաջընթացը: Մեր այս իրականության մեջ խառնաբնդորված են ներկան ու անցյալը, իսկ ապագա կոչվածը միայն արտաքնապես, ձևի մեջ ինչ -ինչ փոփոխությունների ենթարկված, սակայն խորքում, էապես ոչ մի նոր բան պարունակող նույն անցյալն է: Մենք ազգովի դժգոհում ենք այսպիսի ընթացքից, ավելին, մշտնջենական այս պտույտը շատերի սրտխառնոցն է առաջացնում, անվերջ կրկնվող պատկերները հոգնեցրել են բոլորին, աշխատավորական զանգվածները փոփոխություններ են ուզում… Մեր այս և մի շարան այլ դժգոհությունները, որոնք ավելի շատ վերգիտակցական, զգացական հարթություններում են ձևավորվում և ժամանակային կարուսելի լեզվաբանությամբ չեն կարող ձևակերպվել, որպես օրենք, արտահայտվում են կարուսելի կարգավարի հրաժարականի պահանջով: 25 տարվա ընթացքում երեք ՛՛կառուսել աշխտցնող՛՛ ենք փոխել, առաջ շարժվելու համար մեզանից հասնող ամեն բան արել ենք՝ կարուսելի փղիկներին նստածներս վազել, նստել ենք այծյամներին, ձիակառքերը փոխարինել ենք ավտոմեքենաներով, կանգնածներս նստել ու նստածներս կանգնել ենք, սակայն կարուսելը սկսել է պտտվել ու ամեն բան վերադարձել է ի շրջանս յուր. ոչինչ չի փոխվել: Մենք չենք էլ փորձում հասկանալ, որ շարժման այսպիսի ընթացքի տրամաբանությունը կարուսել աշխատեցնողներից չի կախված: Կարուսելի կարգավարը զուտ կոճակ սեղմող է, նա, իր շահից ելնելով, ընդամենը հետևում է, որ կարուսելի պտտող մեխանիզմը աշխատի անխափան, ատամնաանիվները ժամանակ առ ժամանակ յուղվեն, հոսանքի ընդհատումներ չլինեն և այլն: Միայն այսքանը: Ինչքանով է նա լավ կատարում իր այս պարտականությունները, այլ խնդիր է և մեր բողոքի առարկային չի առնչվում ընդհանրապես: Խորքային, ենթագիտակցական անբացատրելի, տրամաբանորեն չձևակերպվող չափողականություններում, մեր բողոքը ընթացքի կարուսելային տրամաբանությունն է վերաբերվում…
Մենք ցանկանում ենք, որպեսզի որպես ազգ, որպես հանրություն, որպես անհատներ վերջապես, փոխվի մեր ընթացքի պարադիգման: Մենք ցանկանում ենք ճեղքել այս չարաբաստիկ ժամանակային օղակը և անցնել ժամանակային այլ չափողականության: Սակայն ոչ ոք չի հասկանում, որ այս նպատակին հասնելու համար ներկայումս օգտագործվող գաղափարները, մեխանիզմներն ու գործիքները բանի պետք չեն: Գոյություն ունեցող համակարգերը (կուսակցությունները, հասարակական- քաղաքական կազմակերպությունները, հայրենիքի փրկությամբ տոգորված անհատները, համայն հայության միավորման կոչեր անողները, նոր կազմավորվող ցանցային ստրուկտուրաները) ոչնչի պիտանի չեն, քանզի անխտիր բոլորի մոտ բացակայում են ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ, նկատվում է մտածողության իներցիոնությունը: Բոլոր այս կազմավորումների, առանձին անհատների գործունեությունն ուղղված է եղածը բարելավելուն, այն օպտիմալացնելուն, ավելի կատարելագործելուն: Գոյություն ունեցող ցանկացած կազմավորման ցանկացած գործողություն, անգամ եթե այն կատարվում է բացառապես բարիք գործելու նպատակով, հակառակ ազդեցություն է ունենում՝ ավելացնում է համակարգում առկա քաոսի աստիճանը: Կարծում եմ, 25 տարին բավարար ժամանակն է, հասկանալու համար այս ճանապարհի փակուղային լինելը:
Բազմիցս կրկնվող ժամանակային միևնույն հատվածում ապրելուց, այս ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻՑ ազատագրվել ու իրական փոփոխությունների հնարավոր է հասնել միայն կյանքի դրվածքների վերաիմաստավորման միջոցով: Բաժանարար դատողականության վրա հիմնված կյանքի ՛՛հին՛՛ մտածելակերպն այլևս պիտանի չէ մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար: Այս մտածելակերպի միջոցով մենք այդպես էլ չկարողացանք հասնել փոխադարձ վստահության, փոխադարձ գնահատման, չեկանք իրական փոխըմբռնման: Այսօրվա մեր մտածելակերպը, որտեղ գերակայում է նյութապաշտությունն ու էգոցենտրիզմը, որտեղ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում առաջնայնացված են մարդկանց միմյանցից վանող, նրանց ատոմացնող մարդու եսակենտրոն ընկալումներն ու ցանկասիրությունները, պիտի փոխարինվի մարդկային հարաբերությունները ներդաշնակող, մարդկանց միավորող նոր գաղափարներով: Համաձայն նոր ընկալումների արդարությունը, բարձրագույն բարոյականությունը, մարդկային առաքինությունները ոչ թե լոկ որպես գաղափարներ են ընկալվելու և հասկացվելու, այլ որպես կատարված փաստեր ու կյանքի նորմեր են ճանաչվելու: Մենք պիտի անցնենք մի նոր չափողականության, որտեղ նվազագույնի հասցված կլինի ձևի և բովանդակության, երևույթի և էության միջև գոյություն ունեցող անդունդը: Մեր հետագա ընթացքը մենակ, սակայն ոչ միայնակ անհատների միջոցով պիտի կերտվի: Անհատներ, ովքեր նյութականից չկառչած չափողականությունների տիրույթներում են կառուցելու իրենց դատողությունները: Նրա՛նք է, որ պիտի դառնան ՆՈՐ մտածողության բյուրեղացման կենտրոններ: Ճակատամարտի դաշտը դրսից ներս պիտի տեղափոխվի: Յուրաքանչյուրն ինքը պիտի փոխվի: Մարդն ինքն իրեն պիտի հաղթի:
Սա չափազանց բարդ խնդիր է, քանզի յուրաքանչյուրիցս ինքնուրույնության ու ներքին ազատության չափազանց բարձր աստիճան է պահանջում:
Ես չգիտեմ, թե այս ամենը ինչպե՞ս և ե՞րբ է տեղի ունենալու, սակայն վստահ եմ, որ սա մեր, և ինչու ոչ, համայն մարդկության լինելիության միակ ՈՒՂԻՆ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=941303595995077&set=a.168920973233347.34643.100003463372278&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել