«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ, ներկայումս վաշինգտոնյան Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Վրաստանի տեղը անդրատլանտյան ընկերակցության կազմում է:
Բրայզան 2008 թվականի օգոստոսյան պատերազմի տխուր դաս է համարել այն, որ Ռուսաստանը կարող է հետագայում էլ գործնականում անպատիժ իրականացնել ռազմական արկածախնդրությունների քաղաքականություն՝ չվախենալով ապագա հետևանքներից:
Բրայզայի խոսքով՝ օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանի արագ ու համոզիչ պատասխանը լուրջ վնաս է պատճառել ռուսական զորքերին, ինչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մղել է ռազմական ոլորտում խորը բարեփոխումների իրականացման:
«Շատ կարևոր է, որ Վրաստանը ներկայումս բարեփոխումների ոլորտում վճռական առաջընթաց գրանցելու հարցում իր գործողություններով գրավի Վաշինգտոնի ուշադրությունը և շարունակի ԱՄՆ-ի հետ համագործակցել անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:
Այդպիսով Վրաստանը կարող է օգնել՝ հարկադրելու Ռուսաստանին իրեն պահել ավելի քաղաքակիրթ, ինչը չափազանց բարդ է: Վրաստանը հիանալի գործընկեր է անվտանգության հարցերում (Աֆղանստան, Իրաք)»,- ասել է Բրայզան:
Նա կարծիք է հայտնել, որ ներկայում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում Հարավային Կովկասը համարվում է երկրորդ ուղղություն՝ ի տարբերություն Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության: