Հայաստանի միջոցով Իրանից գազի արտահանման նպատակ հետապնդող հայկական «Էներգաիմպէքս» ընկերության ստեծումը պետք է գնահատել որպես բացառիկ կարևորության նախաձեռնություն մեր երկրի տնտեսական և քաղաքական կարգավիճակին բոլորվին նոր որակ հաղորդելու առումով:

Այս քայլով Հայաստանը փաստացիորեն հստակ ազդակ է հղում, որ էներգետիկ ոլորտում չի բավարարվելու միայն բարձրավոլտ էլեկտրական էներգիայի փոխանցման միջանցքի դերակատարություն ստանձնելով, այլ հարևան և բարեկամ Իրանի հետ սերտ փոխգործակցությամբ աստիճանաբար մուտք է գործելու նաև գազային տարանցման շուկա, ինչն, ըստ էության, ոչ միայն բարձրացնելու է մեր էներգետիկ անվտանգությունը, այլև զգալիորեն բարելավելու է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը նաև միջազգային ասպարեզում:

Մեր այլ ոչ պակաս կարևոր հանգամանք էլ այն է, որ նման ծրագրերի միջոցով իրականում մեթոդաբար կոտրվում է նաև հայաստանցիներիս՝ սեփական երկիրը բացառապես որպես փակուղի դիտարկելու աշխարհայացքային կարծրատիպը, ինչը շատ դեպքերում նաև ինչ-որ առումով գրեթե համատարած կերպով մեզանում արմատավորված վատատեսության հիմնական պատճառներից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել