Tert.am-ը գրում է.

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Ադրբեջան և ԼՂ կարգավորման խնդիրներին հնարավոր անդրադարձին: 

«Բազմաթիվ հարցեր կան արագ փոփոխվող տարածաշրջանի հետ կապված. կարծում եմ, որ շատ հարցեր կքննարկվեն, և նաև շատ հավանական է, որ չշրջանցվի նաև Ղարաբաղի հարցը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է տարածքներ զիջելու մտահոգությանը, Շավարշ Քոչարյանը նշեց, որ տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել և չկա:

«Չի կարող զիջում լինել: Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ և այլն։ Դա վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները, և պետք է այդ ուղղությամբ կատարվի աշխատանքը: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք բանակցություններ ընթանում են, արտաքին գործերի նախարարի տեղակալը նշեց, որ բանակցությունները գնում են, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը կրկին ինչի մասին խոսում է բանակցությունների սեղանի շուրջ, հետո լրիվ այլ բաներ է ներկայացնում։ Ակնհայտ է, որ արդեն քայլեր են կատարվում այդ բանակցությունները արդյունքները վիժեցնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հարցին, թե «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ինչպես կարող են անդրադառնալ ԼՂ կարգավորման հարցին, նա ասաց, որ դժվարանում է այդ հարցին պատասխանել, սակայն նրանց բարձրացրած պահանջներից մեկը կապված էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Փոխնախարարը դժվարացավ ասել՝ կազդի՞ ընդհանրապես, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել