Հանրապետական սենատոր, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մակքեյնը խստորեն քննադատել է հանրապետական կուսակցությունից ներկայիս թեկնածու Դոնալդ Թրամփին` Իրաքում զոհված ամերիկացի մուսուլման զինվոր Հումայուն Հանի ծնողների հասցեին արված արտահայտությունների համար, հայտնում է BBC-ն:

«Թրամփը անսահմանափակ արտոնագիր չունի վարկաբեկելու մեզանից լավագույններին»,- ասել է Վիետնամի պատերազմի վետերան Մակքեյնը:

Անցյալ շաբաթ զոհված զինվորի ծնողները ելույթ են ունեցել Դեմոկրատական կուսակցության Ֆիլադելֆիայի համագումարում: Բեմից խոսել է միայն մայրը, որը ծնունդով Պակիստանից է:

Հուլիսի 30-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը ենթադրել է, որ Հիզար Հանը կարող էր իր կնոջը պարզապես արգելել ելույթ ունենալու: «Նա ոչինչ չուներ ասելու: Իսկ հնարավոր է՝ նրան արգելե՞լ են ինչ-որ բան ասելու»,- աել է Թրամփը:

Թրամփին իր ասածի համար քննադատել են նախագահ Բարաք Օբաման, հանրապետականներ Ջեբ Բուշը և Ջոն Քեյսիկը, ինչպես նաև պատերազմի մի շարք վետերաններ:
Կապիտան Հումայուն Հանը զոհվել է Իրաքում 27 տարեկան հասակում՝ 2004 թվականին ամերիկյան ռազմական արշավի ժամանակ:

Զոհվածի հայրը դեմոկրատների համագումարում հայտարարել է, որ եթե Թրամփը լիներ իշխանությունում, ապա իր ընտանիքը չէր կարողանա բնակություն հաստատել ԱՄՆ-ում, իսկ իր որդին զոհվել որպես հերոս` կատարելով իր մարտական պարտքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել