«Ուղղակի մտածում եմ» շարքից.
Որքան էլ փորձում եմ, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ամաչում սիրո մասին խոսել: Գիտեմ, հիմնական պատճառն այն է, որ շատերի մոտ «սեր» բառը փոխարինում է «սեքս» բառին, չեն նկատում, որ դրանք հոմանիշներ չեն: Ի՞նչ ամոթ բան կա ՍԻՐՈ մեջ: Կամ սեքսն ամո՞թ է: Լավ չէ տարփանքին տրվելը, դա չկառավարելը, բայց, եթե մարդն իր քայլերն անում է հոգուն չդավաճանելով, Աստծո առաջ մաքուր ապրելով, դրանում ի՞նչն է ամոթ:
Երևի նրանից է, որ հոգու դատարկությունն անկուշտ սեքսով լցնել փորձող մարդիկ իրենց շուրջը դա են տարածում, ստեղծում համոզմունք, թերահավատություն, որ սեր կա, սիրել նույնպես կարելի է:
Երևի նրանից է, որ ոմանք այդպես էլ արգելակվում, մնում են դեռահասի տարիքում, երբ հորմոններից առաջացած անհասկանալի գրգիռները որպես սեր են ընդունում, անխուսափելի հիասթափություն ապրելով ու հետագայում ցինիզմով առաջնորդվելով`միայն սեքսի մեջ փնտրում կյանքի «իմաստը»:
Երևի նրանից է, որ ոմանք իրենք չկարողանալով ազատվել իրենց կաշկանդող մտքերից ու զարմանում ու դատապարտում են նրանց, ովքեր դա փորձում են անել: Դրա համար էլ ամեն մեկն, ում շուրթերից սեր բառը լսվում է, միշտ գտնվում է հարձակման վտանգի տակ. «Բա ամոթ չի՞, մեծ մարդ ես, էդ ինչերի՞ց ես խոսում, գրում, մենք էլ ենք սիրել, բայց դա հո չե՞նք ասել սաղ աշխարհին»:
Իսկ ե՞րբ է մարդու մեջ արթնանում այն միտքը, որ սերը պարգև է: Երբ հիմարաբար կորցնո՞ւմ է, թե՞ երբ սերը նրանից խռովում է արհամարհված լինելու համար: Երբ զգում է, որ դա շնչելու համար անհրաժեշտ օդն էր, որ այլևս չկա՞, թե երբ զգում է որ մեռնում էր, բայց փրկվեց...
Բացեք սրտերը, սիրեք, մարդիկ:
Սիրելը սիրուն է, ՍԵՐՆ էլ է սիրում, որ իրեն սիրում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել