Հիսուս ասում է.
-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։ Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։
(Ղուկասի ավետարան 21:12-19)

Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է...
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել