Առավոտը խոստանում էր անակնկալներով լի լինել, ուստի սրտատրոփ էի սպասում լույսը բացվելուն: Հաշված ժամեր անց պետք է երջանկացնեինք մի հրաշալի հայ ընտանիքի, որը ֆինանսական խնդիրների պատճառով զրկված էր հասարակ մարդկային երջանկությունից: Ողջ գիշեր աչքերիս առաջ 10-ամյա Ավետիսի սովալլուկ հայացքն էր: Նրան այդ դաժան պայմաններում տեսնելուց հետո ուշքի չէի գալիս: Գիշերն էլ աչք փակել չկարողացա: Հուզված էի, միաժամանակ ուրախ ու ոգևորված, որ շուտով Ավետիսի այդ հայացքը հավերժ մնալու է անցյալում… մեր շնորհիվ:


Առավոտյան 8-ին զարթուցիցչս զրնգաց: Չնայած կարող էր և նեղություն չքաշել, որովհետև ժամը 6-ից անընդհատ ժամին էի նայում: 9-ին արդեն 4-րդ մասիվում էի, պայմանավորվածություն ունեի Նանա անունով մի գեղեցկուհու հետ, ով ցանկություն էր հայտնել հետս Ավետիսի ընտանիքի համար ձմեռային շոր, կոշիկ ու պայուսակ ուղարկել: Մինչև կմոտենայի Նանայի բնակարանին, անընդհատ մտածում էի, թե ինչ է մեզ սպասելու Հանրապետության հրապարակում ժամը 12-ին: Արդյոք այնտեղ կլինե՞ն այն մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնել միանալ մեզ  մեր տարածած հայտարարությունից հետո, թե՞ այնուամենայնիվ մենք մերոնցով ենք լինելու:

Պատկերացրեք ոգևորությունս, երբ Հրապարակի շրջանագիծը հատելուն պես հեռվում նշմարեցի մարդկանց մի հոծ բազմություն: Խորը շունչ քաշեցի ու ներքին հանգստություն զգացի Ավետիսի ընտանիքի համար: Մեզ անընդհատ մարդիկ էին մոտենում: Շորեր էին տալիս, խաղալիքներ, գումար, բարեմաղթանքներ էին հղում ու հեռանում: Շատերը եկել էին հենց էնպես՝ հոգու պահանջով: Անգամ չէինք հասցնում բարեգործների անուններն իմանալ: Մոտենում էին, թողնում իրենց հետ բերածը ու հեռանում: Ամեն ինչ կարծես այնքան ճիշտ էր, այնքան համաչափ ու օրինաչափ, որ բառերի կարիք մի տեսակ չէր էլ զգացվում: Մնում էր թուլանալ ու վայելել պահի խորհուրդը:

Ամեն ինչ կարծես պատրաստ էր և մնում էր ուղևորվել դեպի Ավետիսի բնակարան: Ճանապարհին մեր ավտոշարասյանը միացավ նաև «Vega» խանութների սրահի մեքենան, որը բեռնված էր BlogNews-ի պատրաստած նվերներով՝ լվացքի մեքենայով և սառնարանով, որը ժամեր անց սննդամթերքով էր լցվելու ընտանիքին մեր նվիրած  սուպերմարկետից օգտվելու 90.000 դրամանոց քարտի շնորհիվ: Ճանապարհից վերցրինք նաև մեր լավ ընկեր Սևակի նվիրած հեռուստացույցը, որից հատկապես շատ էր ուրախացել ընտանիքի ավագ որդին:


Ընտանիքն այսպիսի վերաբերմունք չէր սպասում: Նվերներից էլ, ինչպես նկատեցի, բավական շփոթվել էին: Ընտանիքի հայրը, ով հոգեկան խնդիրներ ուներ, հավանաբար այնքան էր հուզվել, որ նույնիսկ չմոտեցավ մեզ: 

Ավետիսը շատ լավ էր զգում իրեն: Միայն այս մանչուկի ժպիտի համար այս ամենը նախաձեռնել արժեր: Նա ստացավ այն ամենը, ինչի մասին երազում էր այսքան տարի՝ շորեր, գրենական պիտույքներ, բազում խաղալիքներ, գրքեր... ու էլի շատ ու շատ առաջին անհրաժեշտության պարագաներ:


Հա իմիջիայլոց, նա վաղվանից նորից դպրոց կգնա: Էլ խանգարող հանգամանքներ չկան: Որպես շնորհակալություն պուճուրը խոստացավ, որ լավ է սովորելու ու անպայման ընտանիքին հանելու է այդ վիճակից:

Տեղում իմացանք նաև, որ մեկ այլ բարեգործ վաղը մարելու է ընտանիքի կուտակած 100.000 դրամի հասնող հոսանքի պարտքը ու սննդամթերք է նվիրաբերելու նրանց:

Մի խոսքով, այս ընտանիքի մոտ արդեն կարծես թե ամեն ինչ լավ է:


Հ.Գ. Եթե այս գրառումը կարդացողներից որևէ մեկն էլ կցանկանա օգնել այս ընտանիքին, ապա լավագույն օգնությունը կլինի տան տիկնոջը՝ տկն. Շարմաղին աշխատանքի տեղավորելը: Մեզ հետ խոսքում նա ասաց, որ հաճույքով կհամաձայնի հավաքարարի աշխատանքի:

Առաջիկայում էլ BlogNews-ը պարբերաբար կանդրադառնա տարբեր անապահով ընտանիքների ու կփորձի օգնել նրանց: Իհարկե, ձեզ հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել