Անցած ամիս լիբիական Սաբրատա քաղաքի ափեր են դուրս նետվել ավելի քան 120 ներգաղթյալների դիեր, ովքեր փորձել են ծովով Աֆրիկայից հասնել Եվրոպա։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Հաղորդվում է, որ Միջերկրական ծովով ապօրինաբար եվրոպական երկրներ ձգտողների շարքում խեղդվողների մարմինները Սաբրատայի ափեր են նետվում ամեն օր։

Անցած շաբաթ տխուր «ռեկորդ» է սահմանվել։ Մեկ օրում փրկարարները ափամերձ ջրերում հայտնաբերել էին 53 ներգաղթյալի դի։

Միգրացիայի միջազգային կազմակերպության վերջին տվյալներով՝ 2016-ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ապօրինաբար ժամանել մոտ 90 հազար մարդ՝ 14 տոկոսով ավելի, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում։

Միջերկրականի ապօրինի հատման փորձերը 2016-ին ավելի քան 3000 մարդու կյանք են խլել։ Դրանք միայն հաստատված տվյալներն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել