Հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով ընդհանուր վնասվածքներ են ստացել 73 հոգի, որոնցից 22-ն այս պահի դրությամբ շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Հուլիսի 29-ին ցուցարարներ-ոստիկանություն բախման հետևանքով բժշկական կենտրոններ դիմած 73 անձից բուժում շարունակում են ստանալ 22-ը: 13 քաղաքացի բուժում էր ստանում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որից 3-ն արդեն դուրս են գրվել»,-ասաց Հայթայանը:
Նշենք, որ ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, պրոֆեսոր Վաչագան Այվազյանը երեկ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, ու հուլիսի 29-ի միջադեպից «Էրեբունի» ԲԿ է դիմել 14 անձ, որից ութը դեռևս շարունակում են բուժում ստանալ.«Այս պահի դրությամբ «Էրեբունի» ԲԿ-ում բուժում է ստանում ութ անձ, որից վեցը` ոստիկան»:
Հիշեցնենք, որ այսօր վիրահատության են ենթարկվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սեդրակ Նազարյանն ու Արմեն Լամբարյանը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ` Սեդրակ Նազարյանին վիրահատել են և նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։
«Էրեբունի» բժշկական կենտրոնից էլ Tert.am-ին հայտնել էին, որ Արմեն Լամբարյանի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ արդեն 15-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել է Երևանում գտնվող ԳԳ Ոստիկանության պարեկապահակային ծառայությանը գունդը։ Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում և քաղաքի այլ հատվածներում մի խումբ քաղաքացիներ հանրահավաքներ և երթեր են կազմակերպում՝ ի աջակցություն խմբի անդամների։



