Չգիտեմ, թե ո՞վ է կենսաբանական մեր տեսակը կոչել Homo sapiens՝ «մարդ բանական», բայց համարյա նույն հաջողությամբ էլ այն երևի կարելի էր անվանել նաև Homo sensibilis` «մարդ զգացմունքային», քանզի, ըստ էության, մենք բանականությանը գրեթե հավասար ենթակա ենք նաև զգացմունքներին:

Այս առումով, համատարած զգացմունքային հիստերիայի քարոզիչների նպատակը բանականության մթագնման և զգացմունքի բացարձակ գերակայության մթնոլորտի ստեղծումն է, որտեղ մարդը շատ դեպքերում գործում է հենց սեփական բանականությանը հակառակ՝ ասենք աննպատակ և անարդյունավետ գրոհում է ոստիկանական պատնեշը, սկսում է հավատալ, որ Քարվաճառում մեր զինվորներին փամփուշտ չեն տալիս, որովհետև նրանց՝ տարածքը հանձնելու հրաման է լինելու՝ այսինքն, փաստացիորեն պարտադրված մի վարքագծի համաձայն, որն ապահովվում է մարդկային զգացմունքային դաշտի վրա ազդեցության «արհեստական» գործադրման միջոցով բանականության անջատման վերջնարդյունքին հասնելով, երբ բառացիորեն անգործության են մատնվում յուրաքանչյուր մարդուն բնորոշ այնպիսի տարրական կարողություններ, ինչպիսիք են սթափ դատելը, վերլուծելը, տրամաբանելը և, ի վերջո, նաև մտածելը:

Հնարավորին լայն զանգվածների վրա զգացմունքային նման ագրեսիվ ազդեցության կարևոր ցուցիչներից մեկն, ըստ իս, որևէ գաղափարական օրակարգի՝ այլ խոսքերով, մտքի լիակատար բացակայություն է կամ դրա ամբողջական փոխարինումը հնարավորին արմատական փաթեթավորմամբ մատուցվող միաքայլ «լուծմամբ» կամ նպատակով, որը պետության քաղաքական կամ հասարակական կառույցի համակարգային բարեփոխման հետ գրեթե որևէ առնչություն չունի, այլ, որպես կանոն, ենթադրում է բացառապես անձի փոփոխություն կամ ավելի ծայրահեղ մոտեցման պարագայում անձի նկատմամբ դատաստան՝ «այսինչ հեռացի՛ր», «այսինչ դավաճա՛ն», «մա՛հ այսինչին» և նման այլ կարգախոսների կիրառությամբ:

Ինչպե՞ս պետք է պայքարել նման ազդեցության դեմ նաև անհատական մակարդակում: Շատ պարզ մեթոդաբանությամբ՝ հավասարակշռելով զգացմունքը բանականությամբ, հենց այն նույն հատկանիշով, որի համաձայն մենք նախևառաջ մարդ բանական ենք, այլ ոչ թե մարդ զգացմունքային:

‪#‎մարդբանական‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել