Մեր դպրոցի դիրեկտոր Հրանուշը հղի էր - սխալ չգրեցի, էն ժամանակներում տնօրեն չէին ասում: Հրանուշը երկար էր սպասել այդ պտղին, ամբողջ աշխարհն էր սպասում: Մայրս - չգերազանցված գեղջուկ դիվանագետը, տեսության էր գնացել Հրանուշին և հարցրել էր. «Հրանուշ ջան, իմա՞լ ես, իշտահդ (ախորժակդ) ի՞նչ է քաշում»: Հրանուշը ձմռան օրով դաղձ էր ուզել...
Գարունը մոտենում էր: Այդ գյուղի հեքիաթային աղբյուրների ակունքների մոտ ձյունը մի քիչ հալվել էր - և հենց ջրին մոտ, դաղձի արմատներից աճել էին վարդագույն բողբոջներ - վաղ գարնան դաղձն էր: Եթե աստվածները մարմնավորվեին, նրանք աշխարհում չէին գտնի ավելի համով բան, քան լավաշը և գարնան դաղձը՝ վրան աղ արած: Վաղ դաղձը բուրում է խելահեղ, նա ավետում էր մեր բարձրավանդակի գարունը: Էլ ինչ ասեմ - մայրս դաղձը տարավ Հրանուշին, պտղին դաղձը շատ դուր էր եկել, ծնվեց Նաիրի անունով մի լավ տղա... Իսկ մայրս - մի անգամ էլ հինգ ձվով ձվաձեղ տարավ - և արձակուրդ գնացած կին ուսուցիչների ժամերը թափվեցին հորս վրա - իր յոթ զավակների համար: Անմեղ ժամանակնե՜ր...
Դեպի գարուն ենք գնում: Հայրենի աղբյուրներ, հալեցրեք ձյուները: Վաղ գարնան դաղձեր, աչք բացեք ձեր չհոգնած արնատների վրա: Գարուն ենք ուզում: Դաղձ ենք ուզում: Կյանք ու ապրել ենք ուզում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3877599638984
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել