Araratnews.am-ը գրում է.
Վրաստանը հերքել է Հայաստանի տարածքով իրանական գազի «փորձնական արտահանման» մասին համաձայնագրի կնքման մասին լուրերը` «Նովոստի Գրուզիայի» փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլին:
«Մենք՝ որպես պետություն, Ադրբեջանի հետ կնքած պայմանագրից հետո սոցիալական սեգմենտին գազով ապահովելու խնդիր չունենք։ Այնպես որ, պետությունն այս փուլում բանակցություններ չի վարում։ Եթե բանակցում է մասնավոր անձը, ապա նա պետք է ներկայացնի պայմանագիրը, հակառակ դեպքում այդ գազը չի կարող մտնել մեր ցանց։ Սակայն մենք նման տեղեկություն չունենք»,– ասել է էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը։
Գերատեսչությունից հաստատել են, որ նախկինում իրոք Իրանի հետ բանակցություններ են վարվել գազի լրացուցիչ ծավալների մատակարարման շուրջ։ Վալիշվիլիի խոսքով՝ համաձայնություն ձեռք չէր բերվել, քանի որ իրանական կողմի առաջարկած գազի գինը ռուսական և ադրբեջանական գազի գնից բարձր է եղել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպման ավարտին ասել էր, որ Իրանը համաձայնագիր է կնքել Հայաստանի տարածքով Վրաստան գազի «փորձնական արտահանման» մասին։



