Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին: Քննչական կոմիտեից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լ.Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Հարցաքննվել է նաեւ փորձագետը։ «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լեւոն Բարսեղյանին  արգելանքից ազատելու մասին»,- ասաց ՔԿ Նախագահի խորհրդականը՝ ավելացնելով, որ կկարճվի նաեւ քրեական գործի վարույթը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ և ոստիկանությունը նախապատրաստված նյութերն ուղարկել է Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Մեր հարցին ի պատասխան արդյո՞ք շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ այսօր Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվելու Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակի սառը զենք լինել-չլինելու հարցը պարզելու համար ոստիկանության հետաքննիչի կողմից նշանակվել է քրեագիտական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։

«Այն ստանալուց հետո՝ ապացույցների համակցությամբ, քննիչը կկայացնի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կիրազեկենք»,- ասել էին Քննչական կոմիտեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել