Iravunk.com-ը գրում է.
Արդեն 11-րդ օրն է, ինչ զինված խումբը գրավել է ՊՊԾ գունդը եւ ոչ մի կերպ չի պատրաստվում վայր դնել զենքերը: Վերջին երկու-երեք օրերին էլ, մի գլուխ ոստիկանական մեքենաներ են այրում գնդի տարածքում, թեեւ այնքան էլ հասկանալի չէ, թե դա ինչով է օգնելու «հեղափոխությանը»: Իսկ դա առաջ է քաշում այն հարցը, թե գրեթե երկշաբաթյա այս իրավիճակը հոգեբանական ի՞նչ վիճակի է հասցրել զինյալներին: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել հայտնի քրեական հոգեբան ԷԼԴԱ ԳՐԻՆԻՑ, ով մեզ հետ զրույցում նկատեց.
- Նրանց արարքներում հայրենասիրության որեւէ նշան չկա: Նրանց գործողությունները խոսում են այն մասին, որ կատարած արարքների հիմքում դրված են շատ ավելի վտանգավոր եւ լուրջ հարցեր, որոնք քողարկված են հայրենասիրության տակ: Բոլոր դեպքերում, նրանց գործողությունները թույլ են տալիս ինձ` որպես փորձ ունեցող հոգեբանի, հանգել նման եզրակացության. նրանք լուրջ կամ հայրենիքի հարցերով մտահոգվող անձանց տպավորություն չեն թողնում: Նրանց գործողությունները վերլուծելով` հասկանում ենք, որ նրանց միակ նպատակը իրարանցում, խժդժություն ստեղծելն է, իսկ խուճապի, իրարանցման պայմաններում, բնականաբար, ավելի հեշտ է ինչ-ինչ մտադրություններ առաջ տանել:
- Տիկին Գրին, նրանց արարքներում ահաբեկչության նշաններ տեսնո՞ւմ եք:
- Այո, միանշանակ, նրանց արարքներում ակնհայտ ահաբեկչության նշաններ են դրսեւորվում, որը հղի վտանգավոր ելքերով: Չեմ կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կստանա այս ամենը, որովհետեւ նրանց գործողություններում ակնհայտ վտանգավոր տարրեր կան: Զինված խմբի անդամները ազարտի մեջ են ընկել ու թե երբ «կարթնանան» եւ կսկսեն սթափ նայել իրարադարձություններին, դժվար է ասել: