Ուսուցիչն, ով դաստիարակում է մատաղ սերնդին, տալիս նրան կրթություն, ով հոգևոր ծնող է իր աշակերտների համար, ուսուցիչը, որը ոչ թե պաշտոն է, ոչ թե կուսակցական, այլ կոչում է, այսօր վերածել եք ստրուկի:

Ի՞նչ մատաղ սերունդ, ի՞նչ հզոր ապագա, ի՞նչ հզոր բանակ: Ոչինչ էլ չի լինի, քանի որ ուսուցիչները՝ տնօրենների պահանջով, տնօրենները վարչության պետերի պահանջով, վարչության պետերը քաղաքապետի, մարզպետների պահանջով.... և այսպես շարունակ դարձել են ոչ թե դաստիարակողներ, ոչ թե կրթողներ, ոչ թե հայրենակիցներ, դարձել են մեկ մարդու վկա:

Այս ամենը զազրելի երևույթ է դարձել, այս ամենից սկսում է կործանումը: Դեռ երկու տարի առաջ իմ ուսուցիչներից մեկը, որն ազնիվ անձնավորություն էր, ինձ քաղաքացի և հայ էր դաստիարակել պատմության դասաժամերին, արտագաղթեց Ռուսաստան: Իր հետ տարավ 4 երիտասարդ երեխաներին: Դուք ինչո՞ւ էիք ստիպում իմ ուսուցչին իր երեխաների հետ արտագաղթել Ռուսաստան:

Թող պոպուլիստական չհնչի ասածս, սակայն ես այս ամենի մեջ տեսնում եմ հետևյալ շղթան: 

Կրթության նախարարը մեղավոր է, որ ինքը կուսակցական է, վարչության պետերը մեղավոր են, որ իրենք ենթարկվում են կուսակցական նախարարին և էլի դարձել են կուսակցական, տնօրենները, որոնցից շատերը «մաղարիչ են տալիս» կուսակցական վարչության պետերին, որ դառնան տնօրեն, էլի կուսակցական են ու էլի մեղավոր, ուսուցիչները, որոնք ստիպված են հացի, օրվա ապրուստի համար մտնել կուսակցություն, էլի մեղավոր են: Մեղավոր չի իմ պատմության ուսուցիչը:

Այս ամենի համար մեղավոր եմ ես, մեղավոր եմ, որովհետև շատ բաներ չեմ կարողանում դեռ իրագործել, այս ամենի համար մեղավոր ենք բոլորս:

Ապահով, հնարավոր, 100 քայլանի. ՊԱՀ, սրանք ամեն ինչ սուտ են, քանի դեռ մեր ուսուցիչները ազատ չեն, քանի դեռ նրանք ստրուկ են, քանի դեռ կրթության նախարարից սկսած կուսակցական են:

Իսկ իմ պատմության ուսուցչին կասեմ հետևյալը. «Դուք մի օր գալու եք Հայաստան, գալու եք մայր հող, գալու եք այստեղ ու այստեղ եք տեսնելու ձեր երեխաների երջանկությունը, այստեղ եք վայելելու Ձեր թոռների վազքն ու այստեղ դեռ նրանց համար օրորոցային եք երգելու, իսկ Ձեր՝ Մարտակերտում գտնվող տունը մի օր շենանալու է, մի օր հզոր է լինելու, քանի որ Դուք ունեք իմ նման աշակերտ, ում Ձեր տված գիտելիքներով մեծացրել եք ազատ, մեծացրել եք մտածող: Սիրելի իմ ուսուցիչ, Դուք գալու եք այն օրը, երբ մենք կազատենք ստրուկներին վայրենիներից, կուսակցականներից, քրեականներից, կգաք այն օրը, երբ ուսուցիչը կլինի կոչում, և կստանձնեք կրկին Ձեր կոչումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել