Կանգնած եմ հայելու առաջ, նոր եմ դուրս եկալ լոգարանից: Հետաքրքիր է, ասում են՝ կանանց մարմինը լրիվ ուրիշ տեսք ունի: Իսկ կույսի՞նը: Կարծես տարբերություն չկա, նույն կնոջ մարմինն է: Նայում եմ հայելու մեջ: Ի՞նչ կա իմ կուսական մարմնում, որ հետո այդպես փոխվում է: Ինձ դուր է գալիս իմ մարմինը: Իմ թևերը, ուսերը, կուրծքն ու կոնքերը: Ինչո՞ւ ոմանք չեն կարողանում սիրել իրենց մարմինը: Ախր դա կատարյալ մոդել է, մարդու մարմինը Աստծո ստեղծած կատարյալ մոդելն է: Որքան էլ որ այն անթերի չլինի, որքան էլ այն հաստ ու բարակ, գեր կամ նուրբ լինի, պիտի սիրել մարմինը: Երբ սիրում ես մարմինդ, ինչպես որ կա, ինքնավստահ ես դառնում, ինքնավստահությունից բարձրանում է գիտակցությունդ ՔՈ մասին, հոգիդ ավելի է վեհանում: Հոգու տունն է չէ՞: Տունը պետք է սիրել ու պահպանել:
Հեռախոսս զնգաց:
- Ալո...այո: Ժամը 21:00, շա՛տ լավ, կլինեմ:
Ինձ կանչեցին հերթական մոդայիկ ցուցադրությունը նկարելու համար: Պատրաստվել է պետք: Այսօր կհագնեմ իմ կարմիր զգեստը…
Տաքսու մեջ նստած մտածում եմ Ալեքսի մասին: Ո՞ւր կորավ, այդպես էլ չիմացա: Տղամարդիկ հաճախ են անհետանում, մանավանդ, երբ նրանց կարիքը շատ ենք ունենում... Խմբագրությունում էլ չէր երևում: Հետո հանկարծ միտքս եկավ Արսենը: Ես վատ կանխազգացումից կծկվեցի:
- Ինչ է, ցո՞ւրտ է, փակե՞մ պատուհանը, - հարցրեց տաքսու վարորդը:
- Չէ՛, չէ՛, պարզապես վատ բան հիշեցի:
- Թո՛ղ, ամեն մի վատ բան էլ անցողիկ է, երբեք մի հիշիր վատը: Այն նորից կգա, մի անհանգստացիր: Այ լավը պետք է միշտ պահել հիշողության մեջ, որ ինչքան էլ վատը գա, լավը ավելի շատ լինի:
Ես լուռ ժպտացի:
Ցուցադրության սրահը լիքն էր ինձ ծանոթ և անծանոթ դեմքերով: Մտա և սկսեցի աշխատել: Մի քանի մոդել նկարեցի: Աջ կողմում մի խումբ երիտասարդ տղաներ ու աղջիկներ էին կանգնած: Նկարեցի ու կոճակը սեղմելով ցանկացա ստուգել նկարածս ու... քարացա: Նկարի մեջ կանգնած էր Արսենը: Աչքերս դանդաղ բարձրացրի այդ նույն ուղղությամբ: Նա այնտեղ չէր:
- Գեղեցկուհի՜, ահա և հանդիպեցինք, - ուղիղ ականջիս տակ շշնջաց նա: Փշաքաղվեցի: Մի տհաճ ու ծանոթ զգացում սողոսկեց սիրտս:
- Հեռու մնա ինձանի՛ց:
- Այսօր դու ի՛մն ես լինելու, -ասաց նա ձեռքս բռնելով և ուժգին դեպի իր կողմ քաշելով:
Ես փորձեցի ետ քաշել ձեռքս, բայց նա բավականին ուժեղ էր: Նա նայեց աջ ու ձախ ու ձեռքս համբուրելով բաց թողեց:
Մի պահ քարացել էի ու չէի կարողանում շարժվել: Ցուցադրությունից հետո երեկույթ պիտի լիներ: Ես որոշեցի չմասնակցել դրան:
Հիմա կարծես Ալեքսի կարիքն ավելի շատ էի զգում ու մտքումս անընդհատ կշտամբում էի նրան:
Ցուցադրության վերջանալուց անմիջապես հետո ես դուրս եկա: Մինչև տաքսուն հասնելը ճանապարհը անցնում էր մի փոքր այգու միջով: Գեղեցիկ, խնամված ու քիչ լուսավորված այգի էր: Լիալուսին էր, և այգու գեղարվեստական պատկերը ամբողջական էր դառնում: Ես որոշեցի այդ երեկոն էլ նկարել: Ետ նայեցի՝ մտածելով, որ Արսենը գուցե գալիս է ետևիցս: Բայց նա չէր երևում: Ցուցադրության ամբողջ ընթացքում նա մեկ հայտնում էր, մեկ էլ անհետանում էր աչքիցս:
Մի փոքր հանգստանալով՝ քայլեցի առաջ: Արդեն դարպասների մոտ էի հանկարծ, երբ մեկը ուժեղ քաշեց թևիցս:
- Ո՞ւր ես շտապում, Սաշա, - խորամանկ ժպտալով ասաց Արսենը: Ու ինձ այնքան կիպ կպցրեց իրեն, որ մեր դեմքերն իրար մոտեցան: Նա նայեց աչքերիս մեջ: Լուսնի լույսը ընկավ ուղիղ նրա աչքերին: Ես տեսա նրա գայլային աչքերը ու երազս հիշեցի: Նա փորձեց համբուրել ինձ:
- Բա՛ց թող, ես քեզ չե՛մ ուզում, չեմ սիրո՜ւմ, սրիկա...
- Դրա փոխարեն ես եմ քեզ ուզում, Սաշա՜, մի դիմադրիր, դու դուրս չես գալիս մտքիցս, ինչ տեսել եմ քեզ:
Ես դիմադրում էի, նա անընդհատ քաշում էր դեպի իրեն: Հետո նա մի պահ կանգ առավ ու ծնկեց:
- Ուզում ես խնդրե՞մ, կխնդրե՜մ, - նա ամուր գրկեց ծնկներս ու սկսեց համբուրել փորս: Այդ ամենն այնքան տհաճ էր ինձ համար, որ արցունքներս ինքնաբերաբար գլորվեցին ցած:
- Ես հիմա կգոռամ, բաց թո՛ղ:
Բայց նա կարծես չէր լսում: Դիմադրելուց հետ-հետ գնացի ու ընկա խոտերի մեջ:
Նա գազանի նման հարձակվեց վրաս:
- Անասո՜ւն,-արցունքների միջից նետեցի ես:
Հանկարծ զգացի որ ինչ-որ մեկը բռնեց Արսենին ու ետ շպրտեց: Արցունքոտ աչքերս սրբեցի ու չհավատացի տեսածիս:
- Ալե՞քս, դո՞ւ ես:
- Ների՛ր Սաշա,- ասաց նա ու օգնեց որ կանգնեմ:
- Ալեքս, զգո՜ւյշ...
Շարունակությունն՝ այստեղ