Համոզված եմ, որ մեր և մեր երկրի բազում դարդ ու ցավերի պատճառը մեր ոչ լիակատար արհեստավարժությունն է: Ի՞նչ մասնագետներ ենք պատրաստում, ի՞նչ որակ ունեն, ինչպիսի՞ն է նրանց կատարած աշխատանքի որակը և ընդհանուր` հանրագումար արդյունքը: Ցավում եմ, բայց պիտի փաստեմ, որ շատ-շատ ցածր մակարդակի վրա են մեր հասուն բնակչության աշխատանքային որակները, և գնալով դրանք ավելի ու ավելի են վատանում: Պատճառը աշխատաշուկայում մրցակցության բացարձակ բացակայությունն է: Նոր ստեղծվող և կամ ինչ-ինչ պատճառներով ազատված աշխատատեղերը հիմնականում համալրվում են ծանոթ բարեկամական կապերի առավել գործուն ազդեցությամբ, քան թե ելնելով հավակնորդի պրոֆեսիոնալիզմից: Շատ մասնագիտությունների գծով հասարակության մեջ չկա նրանց նկատմամբ անհրաժեշտ ուշադրությունը տվյալ ոլորտում գոյություն ունեցող ցածր վարձատրության պատճառով: Այդպիսին են, ասենք օրինակ, գիտական հետազոտությունների ոլորտը, մանկավարժությունը: Այս հարցի հետ կապված շատ պրոբլեմներ հիմնովին կբարելավվեն, եթե երկրում գործի ազատ շուկայի օրնքը, այն է` վերացվեն մոնոպոլիաները և հնարավորություն ստեղծվի երկիր թափանցելու արևմտյան առաջատար ֆիրմաներին ու կամպանիաներին: Նրանց բերած բարձր տեխնոլոգիական արտադրությունները կստիպեն բարձրացնելու մեր աշխատաշուկայի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ինչպես դա տեղի ունեցավ Չինաստանում կամ հարավ-արևելյան ասիական մի քանի երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել