Ընդդիմություն, իշխանություն. անապահով մարդկանց համար ոչինչ չասող բառեր, որոնք անտարբերությունից բացի վերոհիշյալ մարդկանց մոտ միայն խորտակված անուրջների զգացմունք են առաջացնում: Որպեսզի իմ ասածը ավելի արտահայտիչ լինի, թույլ տվեք պատմել հետևյալը: Վերջերս մեր հասարակական կազմակերպության շրջանակներում հյուրընկալել էի մի ծայրահեղ անապահով ընտանիքի մոտ: Չնայած այդ ընտանիքի ծանր սոցիալական վիճակի առկայությանը՝ մեր խոսակցությունը ընթանում էր շատ ջերմ մթնոլորտում և այդպես էլ կշարունակվեր, եթե ես, անկախ ինձանից, նույնիսկ չեմ հիշում ինչ պատրվակով խոսք չբացեի գալիք ընտրությունների մասին: Հենց առաջին իսկ իմ բառերից տան տղամարդը գունատվեց և բարձր ձայնով և արհամարհական տոնով սկսեց.
- Դու հասկանո՞ւմ ես, որ ես և իմ ընտանիքը ոչ թե ծայրը ծայրին չենք հասցնում, այլ զրկված ենք ամենաանհրաժեշտ միջոցներից: Նայո՞ւմ ես այն ծեր կնոջը, որ անկյունում է նստած` իմ մայրն է, ժամանակին դպրոցի տնօրեն է եղել, իսկ հիմա դեղամիջոցների բացակայության պատճառով ցավերի մեջ տառապում է: Երեք փոքր տարիքի երեխա ունեմ, որից մեկը ի ծնե արատներ ունի, կինս այդ պատճառով չի կարողանում աշխատել, նրան է խնամում: Մնացի ես՝ իմ 80000 աշխատավարձով, որը վաստակում եմ 12 ժամ աշխատելու շնորհիվ, ժամանակ չի մնում երկրորդ աշխատանքի համար…: Հիմա այս ութսուն հազարից երեսուն երկու հազարը կտամ կոմունալ ծախսերը վճարելու համար, տակը կմնա 58 հազար, հիմա 58 հազարը բաժանի 6 հոգու վրա և տես՝ ինչ է կատարվում: Փորձեցի էներգիայի ծախսը քչացնել, արդյունքում ընտանիքիս անդամները մեկ մարդու նման հիվանդացան, ստիպված էի լրացուցիչ դեղեր առնել, հետո հասկացա, որ այդպես չի կարելի շարունակել և նորից վառեցի տաքացուցիչը: Հիմա արի խոսենք ընտրությունների մասին, և այս վիճակում ես ո՞ւմ պետք է ընտրեմ ըստ քեզ`Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ այս շոումեններին: Մենակ չսկսես ապացուցել, որ, եթե նորմալ ընտրություն կատարես, վիճակդ կլավանա, քանի այս անռեսուրս և չնայած դրան օր օրի ներսից թալանվող երկրում տիրում են շուկայական հարաբերությունների դաժան օրենքները, իմ նմանները դատապարտված են սովի: Միայն չասես, որ Րաֆֆին իր բարևներով կկանգնեցնի թալանը, կամ Հայրիկյանը առանց լուրջ թիմի կարող է մի բան անել, իսկ ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին` ամեն վատ բան սկիզբ առավ իր ՀՀՇ-ի օրոք, իսկ հիմա այդ վատը զարգացում է ուղղակի ապրում: Դու երևի հասկացար ինձ. ատում եմ բոլորին….



