Artsakhpress.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի կարեւորագույն ռազմական գաղտնիքները հայտնի են դառնում Ռուսաստանին:
Այս մասին գրում է Daily Mirror-ը:
Գաղտնի տվյալները, որոնք պետք է հասանելի լինեն միայն Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամներին, հայտնվում են Կրեմլի ձեռքերում, չնայած ՆԱՏՕ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխի արտահոսքը: Նման հայտարարություն Ֆելլոնը արել է այն բանից հետո, երբ պատգամավոր Բոբ Սթյուարթը դաշինքի անդամներին մեղադրել է 1990-ականներին «Մոսկվայի հետ դավադրության մեջ»: Սթյուարթի խոսքով այն ժամանակ ՆԱՏՕ-ի բոլոր գաղտնի տեղեկությունները դրանց ի հայտ գալուց կես ժամ հետո հայտնվում էին ռուսների տրամադրության տակ, ասվում է հոդվածում:
«Այո, այս հարցում կա լարվածություն... Բոլորը գիտակցում են խնդիրը, ու դրանում իր զգալի դերակատարումն ունի նաեւ ահաբեկչության սպառնալիքը, որը կանգնած է Արեւմտյան Եվրոպայի առաջ ու որի պատճառով պետք է ավելի օպերատիվ կերպով փոխանակել հետախուզական տվյալներ»,- մեջբերում է նախարարի խոսքը Daily Mirror–ը:
Ֆելլոնը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է լուծել տվյալների արտահոսքի խնդիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: