![]() |
| Քաղաքական մեկնաբան |
ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե ժամանակն է, որ ՀԱԿ-ը շարժումից վերածվի կուսակցության, ոչ այդքան փոթորիկ է ստեղծել իշխանական կամ առհասարակ քաղաքական դաշտում, որքան հենց ՀԱԿ-ի ներսում: Առաջին նախագահի հայտարարությունը ՀԱԿ-ում բավականին իրարամերժ տրամադրություններ է ստեղծել. կուսակցությունների ճնշող մեծամասնությունը ընդգծված մերժողականությամբ են մոտենում առաջարկին:
Տեր-Պետրոսյանը տվել է գործընթացի մեկնարկը, սակայն, թե իրադարձությունները ինչ ընթացք կստանան, մի փոքր դժվար է ասել, սակայն նկատելի է, որ Տեր-Պետրոսյանն իր նախաձեռնության հարցում միայնակ մնալու վտանգի առջև է կանգնած: Շատ բան կերևա առաջիկայում՝ մարտի մեկին սպասվող հանրահավաքի ժամանակ, երբ նաև հնարավոր կլինի դրա հետ կապված «շոշափել» ՀԱԿ այն ակտիվսիտների տրամադրությունները, ովքեր անկուսակցական են, սակայն ակտիվորեն ներգրավված են ՀԱԿ-ի կողմից իրականացվող քաղաքական գործընթացներում:
Մյուս կողմից չմոռանանք, որ առաջին նախագահը միայն հայտարարել է շարժումը կուսակցության վերածելու իր նախաձեռնության մասին, սակայն դեռ չի բացել փակագծերը:
Ամենայն հավանականությամբ նա սպասում է իր նախաձեռնության արձագանքին, փորձում «եփել» առաջարկը, հանրային քննարկման թեման դարձնել ու միայն դրա վերլուծությունից հետո վերջնականապես բացել բացել փակագծերը:
Հ.Գ. Լևոն Զուրաբյանը՝ որպես ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին:




