Հայթայթված զենքը կրակեց ոչ թե Արցախում, այլ ԵրեւանումAravot.am-ը գրում է.

Համադրենք մի քանի հայտարարություններ:

Մայիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հաստատեց, որ. ինքը, որպես Արցախի անվտանգությունը երաշխավորելու պարտականություն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահի և այդ պարտականությունը ռազմական առումով իրականացնելուն կոչված Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնները զբաղեցնող անձ, հրաժարվում է կատարել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով խախտված Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պարտականությունը, քանի որ դա կարող է հանգեցնել զինծառայողների զոհվելուն, ինքը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:

Ես՝ Ժիրայր Սէֆիլյանս, հաշվի առնելով վերոհիշյալը, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը, այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար»:

Հունիսի 8-ին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որով մասնավորապես զենք, զինամթերք ու հանդերձանք էր խնդրում Սերժ Սարգսյանից. «Դիմում է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանին՝ հիշեցնելով ս.թ. մայիսի 17-ին նրա հրապարակային ու պաշտոնական հայտարարությունը, թե ովքեր ուզում են, թող գնան վերցնեն այդ կորցրած տարածքները և, ի պատասխան այդ մարտահրավերի, նրանից պահանջում է պայմաններ ստեղծել կամավորների պատրաստման համար, այդ թվում՝ տրամադրել անհրաժեշտ հանդերձանք, զենք և զինամթերք»:

Այժմ պարզվում է, որ մեկ այլ կառույց, որի առաջնորդը Ժիրայր Սեֆիլյանն է՝ կարողացել է այս ընթացքում զենք հայթայթել, սակայն այն գործադրել է ոչ թե Արցախում, այլ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հուլիսի 17-ին զինյալ հարձակում իրականացնելու ու պատանդներ վերցնելու նպատակով:

Ի հակադրություն սկզբնական շրջանում տարածվող այն լուրերի, թե «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամներն անզեն են եղել կամ միայն երեքն են զինյալ եղել ու տեղում՝ ոստիկանական զինուժով են համալրվել՝ ընթերցեք «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Սասնա ծռեր» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանի բացահայտումը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում:

– Մի հարց էլ՝ կապված ձեր զինված լինելու հետ: Դուք զինվա՞ծ եք մուտք գործել ոստիկանություն, եւ որտեղի՞ց ձեզ այդ զենքերը: Փաստորեն, երբ ժամանակ առաջ Ժիրայր Սեֆիլյանին եւ ձեր մյուս համախոհ ընկերներին ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ կապված մեղադրանք առաջադրվեց, դա այնքան էլ հիմնազուրկ չէր:

– Անշուշտ, զինված ենք եղել: Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից, ասեմ հետեւյալը՝ եթե այս բանդայի եւ մյուս ակնհայտ բանդիտների զենքերի վերաբերյալ հարցերը լուծվեն, եւ որոշվի, բացահայտվի, թե որտեղից նրանց եւ մյուս սրիկա հանցագործներին այդքան զենք, այդ ժամանակ մենք այդ հարցի պատասխանը կտանք: Մենք մեր հայրենիքն ազատագրելու հարցն ենք լուծում, լավ ենք արել, շատ ճիշտ ենք արել, որտեղից որ հնարավոր է եղել, ճարել ենք, հայթայթել ենք եւ արել ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել