Տնտեսության զարգացման համար շատ կարևոր գործոններից մեկը երկրի քաղաքական կայունությունն է։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է արտաքին ներդրողներին։ Երևի գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և ահաբեկչական գործողությունների վերաբերյալ հայտարարությունները կարող են իրենց բացասական հետևանքներն ունենալ ոչ միայն երկրի քաղաքական վարքի և արտաքին հեղինակության, այլև տնտեսական իրավիճակի վրա։
Այսպիսի պատկեր եղավ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերջին սրացումների ժամանակ: Այդ իրադարձությունների ազդեցությամբ՝ տարեսկզբին արձանագրվեց ՀՀ-ի տնտեսության մեջ մտնող օտարերկյա կապիտալի հոսքերի էական կրճատում:
Մինչդեռ, ներդրումների նշանակությունը տնտեսության տեխնիկական վերազինման համար անփոխարինելի դեր ունեն։
Չնայած նրան, որ 2016-ի սկզբից Հայաստանի տնտեսության համար ձևավորվել էր բավական լավ միջավայր՝ տնտեսական բարձր աճ ապահովելու համար՝ անընդհատ ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք մեծացնում են ճնշումը տնտեսական աճի վրա։ Նախ, ինչպես արդեն նշվեց, ղարաբաղա-ադրբեջանական սրացումները, ապա խաթարված արտահանման ենթակառուցվածքները: Գրեթե 20 օր տնտեսավարողները զրկվեցին Վերին Լարսի միջոցով արտաքին աշխարհի հետ ցամաքային կապ ունենալու հնարավորությունից։
Այժմ էլ փորձ է արվում խաթարել երկրի ներքին կայունությունը։ Մի բան, որից տուժելու են բոլորը։ Այդ թվում՝ նաև տնտեսությունն ու հասարակությունը։