Քաղաքական ուժերը շարունակում են լռություն պահպանել երեկ առավոտյան Երևանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Նեղ կուսակցական օրակարգի մեջ սա կարելի է հասկանալ,սակայն կուսակցությունները նախևառաջ պետք է իրականացնեն հանրային խոսափողի դեր։ ՀՀԿ պարագայում սա ինչ-որ տեղ հասկանալի է,որովհետև կուսակացությունը ասոցացվում է իշխանության հետ և յուրաքանչյուր հայտարարություն այս պահին կարող է գրգռել մասնատված հանրությանը։
Շատ ավելի անհասկանալի է ընդդիմադիր կուսակցությունների իներտ պահվածքը։ Մոտավորապես նույն պատկերն էր նաև Բաղրամյանում անցյալ տարի տեղի ունեցած դեպքերի ժամանակ։ Այն ժամանակ այդ իներտության հիմնական ալիբին բանաձևվեց քաղհասարակության աննախադեպ մոբիլիզացիայով, քաղաքացիական պահանջը չքաղաքականացնելով և վերջիններիս չխանգարելով։
Իրավիճակը այժմ այլ է ։ Նախ, գործընթացն ու զինված հեղաշրջման կողմնակիցների պահանջը քաղաքական է,հետևաբար հարցը պահանջում է քաղաքական լուծում։ Այսինքն ուզեն չուզեն այդ ուժերը պետք է ինչ-որ ձևով առընչվել խնդրի հետ։ Բացի մեկ երկու կուսկացական կցկտուր և լղոզված հայտարարություններից,ըստ էության արձագանքման այլ ձևաչափ այդ ուժերը չունեն։
Բացառություն է կազմում,թերևս նիկոլ Փաշինյանը։ Ինչպես Բաղրամյանում,այնպես էլ այժմ,Փաշինյանը բավականին ակտիվ դերակատարում ունի կոնֆլիկտի կարգավորման հարցում և արդեն իսկ դարձել է յուրահատուկ միջնորդ իշխանության,ընդդիմության և հանրության միջև։ Ինֆորմացիայի նման սղության պայմաններում վերջինս իր օպերատիվ գործելաոճով շարժեց հայաստանյան շատ լրատվամիջոցների նախաձը՝պրոֆեսիոնալ կերպով լուսաբանելով զարգացող դեպքերը։ Սա ավելի շատ կարելի է համարել անձամբ Նիկոլ Փաշինյանի ռեաբիլիտացիայի փուլ։ Ապրիլյան քառօրյաից հետո Փաշինյանը իր թիմի հետ մեկ ամիս գտնվեց սահմաններում՝ փաստորեն այդքան ժամանակ էլ ձեռքից բաց թողնելով քաղաքական պուլսը,որովհետև քաղաքական կուսակցության տեղը քաղաքական դաշտում է,այլ ոչ թե սահամանին։ Տվյալ պարագայում առավել ևս,քանի որ պատերազմը Փաշինյանի սահմանում գտնվելու ժամանակ արդեն ավարտվել էր։ Այժմ կարելի է վստահ ասել, որ թեկուզ անձնական վարկանիշի մակարդակում ,Փաշինյանը լրացրեց բաց թողնվածն ու գոնե այս պահին իրեն մրցակից մյուս կուսակցությունների հանդեպ դիրքային առավելություն ստացավ։