«...Թաթուլի հայրիկը Թաթուլին լողի է տանում։ Նրանք նոր մեքենա ունեն, իսկ մայրիկը Զատիկին վաճառեց, ավտոտնակն էլ։ Երբ մեքենան գնող քեռուն ասացի, որ մեքենայի անունը Զատիկ է, ժպտաց, գրպանից ծամոն հանեց, տվեց ինձ ու ասաց՝ լավ տղա ես։ Լաց չեմ եղել, հայրիկ։ Աչքերս մի քիչ մրմռացին, բայց լաց չեղա, երբ Զատիկին տարան։ Երբ ավտոտնակը դատարկում էինք, քո կրակվառիչը գտա, հիշո՞ւմ ես՝ նարդի խաղալիս կորցրիր։ Պահարանի տակ էր ընկել։ Այդ կրակվառիչն էլ է դպրոցի փառքի թանգարանում։
Հայրիկ, գիտե՞ս, ես փոխել եմ միտքս։ Էլ չեմ ուզում բժիշկ դառնալ։ Ես զինվոր եմ դառնալու քեզ նման։ Երբ մեծանամ, կհագնեմ քո զինվորական համազգեստը, որ կախված է զգեստապահարանում։ Ես ավտոմատ կունենամ, կրակել կսովորեմ։ Ես շատ լավ կկրակեմ։ Երբ թուրքերը մոտենան մեր սահմանին, երբ հարձակվեն տների, մարդկանց, երեխաների վրա, ես չեմ փախչի, հայրիկ, ես կկրակեմ ու չեմ թողնի, որ թուրքերը սպանեն հայրիկներին։ Նրանք ոչ մի հայրիկի չեն սպանի։ Ես կկռվեմ, հայրիկ, ու չեմ զոհվի։ Ես չեմ զոհվի, հայրիկ, խոստանում եմ։ Հայրիկ, եթե իմանամ, որ դու իրոք ինձ տեսնում ես երկնքից, ես ավելի լավը կլինեմ, ոչ մի չարություն չեմ անի։ Եթե իմանամ, որ դու տեսնում ես…»:
Նյութի աղբյուրը` այստեղ