Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել և մեկնաբանություններ տվել հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման վերաբերյալ: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանը կատարվածը դավաճանություն է անվանել:
Թուրքիայի նախագահը կատարվածի պատասխանատու է հայտարարել «զուգահեռ կառույցին»: Նա նշել է, որ «ցանկացած իրադարձություն իր բարիքն ունի» ընդգծելով, որ կատարվածը պատճառ կդառնա, որպեսզի իրենց զինվորականության շրջանում նոր զտումներ կիրականացնեն:
Էրդողանը, անդրադառնալով այն փաստին, որ հեղաշրջման կողմնակիցները կիրառել են F-16 տեսակի ռազմական կործանիչներ, նշել է. «Մենք F-16-ները գնել էինք երկիրը պաշտպանելու նպատակով: Սակայն, հիմա F-16 թռցնողները եկել և ցանկանում են թույլ չտալ ուղևորներին վայրէջք կատարել կամ թռչել օդանավակայանից, և անգամ երկրի նախագահին են սպառնում»:
Լրագրողները հետաքրքրվել են զինված ուժերի գլխավոր շտաբ պետի վիճակով, ինչին ի պատասխան Էրդողանը ասել է, որ նրա մասին տեղեկություն չունի:
Նախագահը հեղաշրջման դուրս եկած զինվորականներին հորդորել է հետ կանգնել սխալ ճանապարհից, վայր դնել զենքերը և նշել, որ սեփական երկրի կողմից տրամադրված զենքն այդ երկրի դեմ ուղղելը շատ ծանր կնստի նրանց վրա:



