Ավելի քան 500 հայկական ժողովրդական, հոգևոր և ազգային երգ ընդգրկող  armenianmusic.am պորտալը թարմացվել է: Քառալեզու կայքը հանրությանը ներկայանում է ավելի մատչելի և գրավիչ դիզայնով:

«Մշակութային վերածնունդ»  հիմնադրամը իր գործունեությունը ծավալեց 2014 թվականին, սակայն օնլայն ձայնադարանի սկիզբը դրվեց 2013-ին, արդեն իսկ կար մտահաղացում ստեղծել  «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը կանդրադառնար հայկական ազգային-ժողովրդական երաժշտական ոլորտին:

Գաղափարը ծագեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ  Արթուր Ջանիբեկյանի մոտ, երբ համացանցում պակաս կար հայկական ազգային երաժշտության: Այս նախագծի շնորհիվ, հարևաներկրները չեն կարողանա մեզանից գողանալ մեր ազգային երաժշտությունը: www.armenianmusic.am-ում կարող եք գտնել նոտաներ, բուն ձայնագրությունները, երգի բառերը, ծանոթանալ ստեղծման պատմությանը:

BlogNews.am-ի հետ զրույցում կայքի խմբագիր Լիլիթ Հարությունյանը պատմեց, որ երգերը զետեղված են աուդիո տարբերակով, յուրաքանչյուր երգի վերաբերյալ կա համառոտ տեղեկատվություն. «Այս կայքի միջոցով դուք կարող եք տեսնել մեր կատարած աշխատանքի արդյունքը:  Բացի 500-ից ավելի երգերը հավաքելուց, կատարվել է մեկ այլ աշխատանք՝ ամբողջը դասակարգվել է ըստ երաժշտագիտական կանոնների: Այսինքն յուրաքանչյուր երգ ունի իր տեսակը, ժանրը, տարածաշրջանը: Կայքի ձևավորման հարցում համագործակցել ենք նկարիչների հետ, ովքեր յուրաքանչյուր երգի համար նկարել են իլյուստրացիա»: 

Օրինակ, կայքի մտնելուն պես կարելի է լսել «Սանդի» երգ, որի ներքևում կան բառերը և երգի ստեղծման նկարագիրը. «Ամենակարևոր  ֆունկցիաներից մեկն էլ երգը կիսվելու հնարավորությունն է, որի միջոցով կարելի է տեղեկացնել ընկերներին: Երկար մոնիթորինգ է արվել, նման երևույթ համացանցումչկար, որ մեկ տեղում կարողանաս բացել և գտնել այն ինչ որ պետք է՝  պարզ և դասակարգված»:

Լիլիթը նաև նշեց, որ ցանկացած հեռախոսով կարելի է մտնել կայք, ինչն ավելի պարզ և հասանելի է. «Այստեղ կա որոնման դաշտ, որտեղ կարող են գտնել թե՜ երգը և թե՜ ստեղծագործողին»:

Կայքում հայ ժողովրդի երաժշտական մշակութային ժառանգությունն է՝ պատմական Հայաստանի բոլոր շրջանների երգերով՝ օրորոցային, տարբեր ծիսական երգեր` հարսանեկան, ռազմական և այլն:

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի գլխավոր երաժշտական խմբագիր, կոմպոզիտոր և խորհրդատու Արթուր Շահնազարյանը նշեց, որ ծրագրերի փուլերից մեկն էլ հրատարակումներն են. «Մենք արդեն հրատարակել ենք Կոմիտասի «Հազար ու մի խաղ» ժողովածուն, որը իրոք բացառիկ է: Այս նախագիծը հնարավորություն տվեց իրականցել Կոմիտաս Վարդապետի երազանքը, նա մի քանի հազար երգերից ընտրել էր 100 բացառիկ նմուշ՝ հայությանը և աշխարհին ներկայացնելու համար: Միջոցների բացակայության պատճառով Կոմիտասին հաջողվեց հրատարակել միայն երգի տեքստերը: Եվ ահա 100 տարի անց առաջին անգամ հրատարակվել է «Հազար ու մի խաղ» ժողովածուն՝ նոտագրված մեղեդիներով հանդերձ»: Պրն. Շահնազարյանը նաև նշեց, որ շուրջ 140-ամյա ընդմիջումից հետո համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ հրատարակվում է հայ հոգևոր երաժշտական մատյաններից «Ժամագիրքը»:

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Մարինա Սուլթանյանի խոսքով, մեծ պատասխանատվություն էր հաղորդակից լինել մի նախագծի, որն ուղղված է ազգային ինքնության պահպանմանը, որի ժառանգությունը պետք է փոխանցել սերունդներին. «Մեր թիմում ընդգրկված են պրոֆեսիոնալներ, ովքեր շատ լավ տիրապետում են իրենց գործին, նրանք ոսկերչի ճշգրտությամբ կատարերեցին և ավարտեցինք այս փուլը»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Նարեկ Բաղիրյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել