Այս գիշեր Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձը լայնորեն լուսաբանվում է նաև իրանական մամուլի էջերում: Լայն լսարան ունեցող տարբեր լրատվամիջոցներ այս պահի դրությամբ արդեն հրապարակել են հոդվածներ, որոնցում ներկայացվել են թե՛ գիշերը Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ, թե՛ տրվել է ընդհանուր իրավիճակը առավոտյան ժամերի դրությամբ, և թե՛ միջազգային կազմակերպությունների, տարբեր երկրների արտաքին գործերով զբաղվող գերատեսչությունների արձագանքները Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Իրանական կողմից Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին արդեն արձագանքել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը իր թվիթերյան էջում ` նշելով, որ խորապես անհանգստացած է Թուրքիայում տեղ գտած ճգնաժամից: Արտգործնախարարը ընդգծել է, որ Թուրքիայի ժողովրդի կայունությունը, ժողովրդավարությունն ու անվտանգությունը առանցքային խնդիրներ են:

ԻԻՀ արտգործնախարարի` Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները «ճգնաժամ» եզրով սահմանելը հետաքրքիր է, մանավանդ երբ ականատես ենք տարբեր երկների արտաքին գերատեսչությունների պատասխանատուների կողմից Թուրքիայում տեղի ունեցածի վերաբերյալ հիմնականում «դեպքեր», «իրադարձություններ», «հեղափոխության փորձ» եզրերի կիրառմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել