Araratnews.am-ը գրում է.
Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը սոցիալական ցանցերում իրենց զորակցությունն են հայտնում ֆրանսիացիներին Նիսում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ: Մասնավորապես, երգչուհի Մադոննան Instagram-ի իր էջում գրել է. «Մենք աղոթում ենք Աֆրիկայում, Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում խաղաղության համար»:
Հայազգի երգչուհի Շերը պատմել է Twitter-ի իր էջում, որ վերջերս է վերադարձել Նիսից` «երկրագնդի ամենագեղեցիկ վայրերից մեկից»: «Ամբողջ հոգով ցավակցում եմ Փարիզում իմ բոլոր ընկերներին: Աշխարհը դատարկ է, և իմ սիրտը կոտրվել է»,- գրել է Շերը:
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը նույնպես իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլորին Նիսում: «Աստված, աշխարհն ունի Քո կարիքը»,- գրել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Ֆրանսիայի ազգային տոնը նշող մարդկանց հոծ բազմության մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել, որից հետո վարորդը սկսել էր կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանության կողմից: Բեռնատարում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք և պայթուցիկներ:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 84 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ: Բեռնատարի վարորդը ծագումով թունիսցի Ֆրանսիայի քաղաքացի է եղել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Ֆրանսիայում հայտարարվել է եռօրյա սուգ: Երկրի նախագահ Օլանդը ևս երեք ամսով երկարաձգել է մինչ այդ հայտարարված արտակարգ դրությունը: