Ամեն ինչ լավ էր, երեխան հանգիստ խաղում կամ ուտում էր, ու հանկարծ նկատում ես, որ երեխան խեղդվում է: Այսպիսի իրավիճակում թանկ է ամեն վայրկյանը: Կորիզի  կամ ուտելիքի մեծ կտորի պատճառով  խցանված շնչափողով երեխան անկառավարելի է և այն ամենը, ինչ նա կանի այդ իրավիճակում, միայն ի վնաս իրեն է: Այդ իսկ պատճառով նման իրավիճակում երեխայի կյանքը քո ձեռքերում է և կախված է քո ճիշտ գործողություններից:

Հիշի՛ր, ամենամեծ թշնամին, որ կարող է ձախողել ողջ գործը՝ խուճապն է: Փորձիր կառավարել զգացմունքներդ, մի վազիր հեռախոսի մոտ շտապօգնություն կանչելու, այդ վայրկայնները շատ թանկ են երեխայի համար, որովհետև շտապօգնությունը չի հասցնի այնքան արագ ժամանել, որպեսզի փրկի փոքրիկին: Ոչ մի խուճապ, անգամ այն դեպքում, երբ երեխան  կկորցնի գիտակցությունը: Շարունակիր պայքարել նրա կյանքի համար՝ առաջնորդվելով այս կանոններով:

Առաջին օգնություն

1.Դեպի վեր բարձրացրու երեխայի ձեռքերը: Այդպես շնչուղիները կլայնանան ու երեխան մի փոքր օդ կշնչի և կկարողանա արտաշնչելու ժամանակ հետ հրել իրեն խեղդող առարկան:

2.եթե առաջին տարբերակը չի գործում, երեխային փորի վրա միանգամից պառկեցրու քո մեկ ձեռքի վրա /այն դիրքով, ինչպես բաճկոնդ կկախեիր թևիցդ/ , իսկ մյուս ձեռքով 5-8 անգամ հարվածիր երեխայի թիակների միջանկյալ հատվածին:

3. եթե երեխայի շնչափողը խցանվել է ուտելու ընթացքում մանր հատիկներից /օրինակ բրինձ, ոսպ/ կամ հեղուկ է լցվել /օրինակ ապուր, հյութ, կոմպոտ/, ապա պետք է երեխայի երկու ոտքերց բռնել ու շուռ տալով փոքրիկին՝ թեթևակի ցնցել երեխայի մարմինը:

4.եթե երեխան դեռ շատ փոքրիկ է ու հաճախակի է խեղդվում կրծքով կերակրման կամ ճաշիկներ ուտելու ժամանակ, ապա հիշիր. պետք է խորը շունչ առնել ու  թափով փչել երեխայի քթանցքերի մեջ: Օդի ուժեղ հոսքից երեխան միանգամից շունչ կառնի ու կհանգստանա:

Հիշի՛ր,

1.Ոչ մի դեպքում չի՛ կարելի խեղդվող երեխային պառկեցնել մեջքի վրա:

2.Չի՛ կարելի փորձել երեխայի լեզուն պահել, որովհետև նման բան չկա, երեխան չի կարող կուլ տալ իր լեզուն, իսկ նման միջամտությունը միայն բարդացնում է  վիճակը:

3.Չի՛ կարելի փորձել ձեռքով հանել երեխային խեղդող առարկան, որովհետև հավանական է, որ այդպես դու այն ոչ թե հանես, այլ ավելի խորը հրես:

 Միշտ հիշի՛ր. վախենալու, թուլանալու, խուճապի մատնվելու իրավունք դու պարզապես չունես  նման իրավիճակներում, որովհետև միակ մարդը, ով կարող է օգնել խեղդվող փոքրիկին՝ դու ես:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել