Ես մտա քո աշխարհ, տենչացի ինձանով փակել քո սիրտը տանող բոլոր ավելորդ ուղիները: Դարձա քոնը, բայց չդադարեցի ապրել գիտակից կյանքով, հաշվի նստեցի բոլոր կարևորագույն իրողությունների հետ՝ փորձելով քո միջոցով կյանքից քաղել, սովորել այն, ինչ ինձ խորթ էր, որպեսզի համարձակություն ունենամ գոռալու, որ ԵՍ ՍԻՐԵԼ ԵՄ, ԵՍ ՓՈՐՁԵԼ ԵՄ:

Ես ձգտում էի սուզվել, հասնել կյանքի բուն իմաստին ու ձեռքս մեկնել սիրո միջուկին, ապրել առեղծվածային կնոջը հատուկ թաքնված պարզությամբ՝ արմատախիլ անելով կյանքից այն ամենը, ինչը չի ներկայացնում կամ խոչընդոտում է ընդունել կյանքը որպես հիանալի պարգև:

Դու իմ անբաժանելի մասն էիր, ու դա ինձ ուրախացնում էր ու քո գոյությամբ շեշտում կյանքի լուսավոր կողմը:

Դու նման էիր գայլի, իսկ գայլերն իրենց ողջ կյանքում կամ միայնակ են մնում, կամ էլ միայն մեկին են սիրում ու եթե այդ մեկը ես չեմ… Չեմ շարունակի այս միտքը, դու էլ գիտես իմ կյանքի խոսքը՝ «Ո՞վ, եթե ոչ ես»: Իրոք, մինչ օրս իմ մեջ չէի կոտրել այս ձգտումը՝ գեղեցիկ ու ներդաշնակ դարձնել այն ամենը, ինչին մարդիկ սրտացավ չեն մոտենում, չեն գնահատում, չեն վայելում….

Բազմաթիվ անգամներ հնչեցրել եմ, թե ինչու եմ քեզ սիրում: Պատճառները չեն փոխվել, նրանք միայն օր օրի իմաստազրկվում են անհեթեթ, իմ կայունությանն ու պարզությանը ոչ հարիր խաղի կանոնների պատճառով:

Այսօր հասկացա կրկին… Լավատեսություն՝ ահա թե որն է եղել իմ ճոխությունը: Համտեսեցի մի կարևոր գաղափար ևս. ճշմարտության ձայնը լսելու համար պետք է լռել: Ես լսում եմ նրան, նա ոչինչ է, դատարկություն, խաբվածություն ու ցավ: Լիակատար է եղել երջանկությունս, քանզի այն նման էր գետնին թավալվող այն երկու մանուկներին, ովքեր ամեն մի մանրուքից հրճվում են: Պետք է հավատալ հրաշքներին, դրանք միայն մեր աչքերում են հրաշք: Այլ է, երբ սերդ է վերածվում հրաշքի, նրա համար պետք է խունկի նման այրվել, տարածել նրա բույրն ու վեր բարձրանալ: Ես զգացել եմ, որ կյանքի իմաստը երջանկություն գտնելն է, իսկ երջանկության իմաստը՝ այն չկորցնելը:

Ի վերջո, շատերիս է հայտնի, որ դժբախտությունը չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը:

-         Ես երջանիկ էի այնքան, որքան ուզում էի,

-         Ես սիրում էի այնքան, որքան երազում էիր,

-         Ես պարզ էի այնքան, ինչքան չեն հավատում,

-         Ես խենթ էի այնքան, որքան շատերը չեն կարողանում,

-         Ես հավատարիմ էի այնքան, ինչքան պետք էր քեզ քո հպարտության համար:

Ինչ էլ որ լինի, քո արև քո արևը միշտ արևի պես կշողա քեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել