Արդ, մենք ոչ թե աշխարհի հոգին առանք, այլ Աստծուց ուղարկված Հոգին, որպեսզի ճանաչենք Աստծուց մեզ շնորհված հոգևոր պարգևները։ Եվ ինչ որ խոսում ենք, դրանք մարդկային իմաստությամբ արտասանված խոսքեր չեն, այլ Սուրբ Հոգու կողմից իմաստությամբ ուսուցանված հոգևոր ճշմարտություններ ենք բացատրում հոգևոր մարդկանց։ Աստծու Հոգին չունեցող մարդը չի ընդունում Աստծու Հոգու բերած ճշմարտությունները, որովհետև դրանք հիմարություն են թվում նրան, և չի կարող ճանաչել, որովհետև դրանք միայն Հոգով են քննվում։

Ես էլ, եղբայրնե՛ր, սկզբից չէի կարող ձեզ հետ խոսել այնպես, ինչպես պիտի խոսեի Աստծու Հոգին ունեցող մարդկանց հետ. այլ խոսեցի այնպես, ինչպես պետք էր խոսել աշխարհին պատկանող մարդկանց հետ։ Քրիստոնեական հավատի մեջ դուք դեռ երեխաներ էիք, ուստի կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև չէիք կարող ուտել։ Բայց նույնիսկ հիմա էլ չեք կարող, որովհետև դեռ աշխարհին պատկանող մարդկանց պես եք ապրում։ Նախանձն ու հակառակությունը, որ տակավին ձեր մեջ են, մի՞թե ցույց չեն տալիս, որ դեռ մարմնավոր եք և աշխարհի չափանիշներով մտածող մարդկանց պես եք վարվում։ Երբ ձեզնից մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», իսկ մեկ ուրիշը, թե՝ «Ես Ապողոսին եմ հետևում», պարզ չէ՞, որ աշխարհիկ մարդկանց պես եք մտածում։ Վերջին հաշվով՝ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և որոնցից յուրաքանչյուրը պարզապես կատարեց այն պաշտոնը, որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված էր, որ աճեցրեց։ Այնպես որ ո՛չ տնկողն է կարևոր, ո՛չ էլ ջրողը, այլ աճեցնո՛ղը՝ Աստված։ Տնկողն ու ջրողը տարբերություն չունեն, յուրաքանչյուրն իր վարձը կստանա ըստ իր աշխատանքի, որովհետև մենք պարզապես Աստծու գործակիցներ ենք. դուք Աստծո՛ւ անդաստանն եք, Աստծո՛ւ շինությունը և ոչ թե մեր։
Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն՝ ես, որպես փորձառու ճարտարապետ, հավատի հիմքը դրեցի. բայց ուրի՛շն է կառուցելու դրա վրա։ Սակայն ամեն ոք զգույշ պիտի լինի, թե ինչպե՛ս է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան Աստծու դրած միակ հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:12-3:10)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել