Lurer.com-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել հակամարտության տարածաշրջան, սակայն այցի հստակ ամսաթիվը դեռ հաստատված չէ: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Նախորդ այցը Բաքու, Երևան և Ստեփանակերտ սկսվել է ապրիլի 5-ին՝ իրավիճակի վերջին սրացումից հետո:
«Բնականաբար, մենք կգնանք, բայց ամսաթիվ դեռ չկա, այն համաձայնեցվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար կլինի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային ժամանակացույցը»,- ասել է Պոպովը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրը Վիեննայում անցկացվել է ռուս, ամերիկացի և ֆրանսիացի դեսպանների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպում:
«Ընդհանուր առմամբ, ողջ այդ հանդիպումը նվիրված է եղել համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող վերջին միջնորդական ջանքերի գնահատականներին և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի արդյունքներին: Իմ գործընկերները՝ ֆրանսիացի և ամերիկացի, պատմել են, թե ինչ զրույցներ են ունեցել (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա) Օլանդը, ինչպես նաև (ԱՄՆ) պետքարտուղար (Ջոն) Քերին: Մենք նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես է հարկավոր կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը:



