Panorama.am-ը գրում է.
Լոս Անջելեսում ապրող հայ կինեմատոգրաֆիստ Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը փրկվել են Հայոց ցեղասպանությունից: Այդ մեծ ողբերգության 100-րդ տարելիցի կապակցությամբ նա ցանկացել է ֆիլմ նկարահանել ոչ թե կոնկերտ Հայոց ցեղասպանության, այլ ավելի շատ լինի մարդկային պատմության, մարդկային տանջանքի պատմության մասին և ավելի շատ ուղղված լինի օտարներին: Նարեն նկարահանում է «Տան մյուս կողմը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում, իսկ հայաստանյան պրեմիերան կայանալու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Վավերագրական ֆիլմն ընդգրկված է Հայկական համայնապատկեր մրցույթում:
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես 2015-ին մի թրքուհի պարզում է, որ մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում այդ փաստը: Այս վավերագրական ֆիլմն ինքնության և հերքման համապարփակ պատմություն է, մի պատմություն, թե ինչպես է ցեղասպանության փորձառությունը երկուստեք ալիք-ալիք տարածվում ապագա սերունդների վրա:
Լրագրողների հետ զրույցում Նարե Մկրտչյանը նշեց, թե քանի որ ցանկանում էր մարդկային ֆիլմ նկարահանել, դրա համար փորձեց գտնել մի թուրքի, ով պարզում է, որ իր մեջ հայի արյուն կա:
«Ինձ հետաքրքրում էր այդ ներքին հակամարտությունը: Տատիկիս ընտանիքին փրկել են թուրքերը, իսկ պապիկիս ընտանիքի բոլոր անդամներին սպանել են թուրքերը: Այսինքն կրկին մթի ու լույսի պատմություն է»,- ասաց Նարեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



